«Այն, ինչ տեղի ունեցավ Լապշինի հետ, միջազգային հանրության համար լուրջ մարտահրավեր է, որովհետև մենք տեսնում ենք ոչ այլ ինչ, քան Հոլոքոստի շարունակություն մեկ անձի նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Ալեքսանդր Լապշինի՝ բլոգում կատարած վերջին գրառման մասին:

Դ. Բաբայանի խոսքով՝ հիմա մենք տեսնում ենք, որ Հոլոքոստը շարունակվում է, և դրա համար միջազգային հանրությունը պետք է ամենալուրջ հետևությունները կատարի: Անդրադառնալով նրան, որ Լապշինը ծրագրում է և նպատակ ունի դիմել տարբեր միջազգային ատյաններ՝ Դ. Բաբայանն ասաց.

«Սա շատ կարևոր է, որովհետև նացիզմի դեմ պետք է վճիռ կայացվի ևս մեկ անգամ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Լապշինի հետ, մենք դրա մասին խոսել ենք, ասել ենք, որ շինծու է, այսպես կոչված, նամակը, և այդ մարդը տղամարդկություն է ցուցաբերել, ավելին, նաև ցուցաբերում է պարկեշտություն և մաքրություն, որովհետև չի կաշառվել Ադրբեջանի կողմից, եթե կաշառված լիներ՝ չէր դիմի նման քայլերի, նման հայտարարություններ չէր անի, և ինքն ուզում է, որ աշխարհն իմանա ճշմարտությունն այդ ռեժիմի մասին»:

Հիշեցնենք, որ Լապշինն իր գրառման մեջ անդրադարձել էր նաև հայերին. «Հայեր, դիմացե՛ք: Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած, և վերջ: Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետևանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»:

Դ. Բաբայանը գտնում է՝ սա ոչ թե հայամետ քայլ է, այլ սա ընդհանրապես մարդկության համար է, մարդու արժանապատվության, մարդու իրավունքների պահպանությանն ուղղված քայլ է, որը, ըստ նրա՝ պետք է անպայման հաջողությամբ պսակվի.

«Լապշինը պետք է հաղթի, որպեսզի ցույց տա, որ նացիզմը չպետք է շարունակվի: Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան համակենտրոնացման նոր ճամբար, սա խրականություն է բոլորի նկատմամբ, սա Հոլոքոստի շարունակությունն է, ուրիշ ոչ մի բան: Միջազգային հանրությունը պետք է այդ երևույթները խորությամբ քննարկի և համապատասխան վճիռ կայացնի»:

Դ. Բաբայանը նաև հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ Լապշինի դեպքից հետո Արցախ այցելուների թիվը մեծացել է, և, որ այսօր այնտեղ կայանալիք գինու փառատոնին 10 բոլոգերներ են գնալու մասնակցեն.

«Այդպիսի միջոցառում պետք է տեղի ունենա, բլոգերները տարբեր երկրներից են, և ընդհանրապես ոչ միայն՝ Լապշինի հետ կապված, տարեցտարի միշտ էլ ավելանում է Արցախ այցելողների թիվը, իսկ բլոգերների, ընդհանրապես ԶԼՄ-ների մարդկանց հոսքը նույնպես կտրուկ ավելացել է, և սա նաև ինչ-որ տեղ միջազգային հանրության պատասխանն է բռնություններին նույն Լապշինի նկատմամբ, դրանով իրենք ցույց են տալիս, որ չեն ահաբեկվում ֆաշիզմով և նացիզմով, իրենք գալու են Արցախ, նախ՝ որովհետև սա նորմալ, ազատ, գեղեցիկ երկիր է և հետաքրքրություն է ներկայացնում, երկրորդ՝ սա նաև յուրովի մի բողոք է նույն Ադրբեջանին: Եթե Ադրբեջանը թե՛ իրավական, թե՛ քաղաքական դաշտում համապատասխան գնահատականի չարժանանա, սա կլինի մեծ հարված միջազգային հանրությանը, միջազգային իրավունքին:

Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որ նա նացիզմ է քարոզում, որ շատ վտանգավոր է, բայց հատկապես եվրոպական մի շարք երկրների շահերից չէր բխում դա, իսկ այսօր տեսնում ենք, որ նույն ահաբեկչությունն իրենց դռներն է ծեծում. ամեն օր, ամեն ժամ սպասում են մի սարսափելի պայթյունի այդ երկրներում: Ժամանակին պետք է այդ համաճարակի դեմ պայքարել, որպեսզի չմեծանա ու չտարածվի: Հիմա միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա»:

Աղբյուրը՝ 168.am