ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մոտիվ չի տեսնում: Tert.am-ի հետ զրույցում Արամ Հարությունյանն ասաց. «Որ ասենք ինքը ինչո՞ւ պիտի Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպեր… էն, որ ասում ա՝ ողջամիտ տրամաբանական որևէ բան չկա: Համենայնդեպս, ինձ համար անհասկանալի է»:

Նշենք, որ ինքը՝ Պարույր Հայրիկյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի նույն հարցին, չէր բացառել, որ էպոսագետը գործին խառը լինի որպես միջնորդ, որովհետև «էդ մարդուն» չի ճանաչել, երբեք իր հետ որևէ առնչություն չի ունեցել: Նա նաև նշել է. «ես ամեն բան, ամեն զարգացում հնարավոր եմ համարում, մանավանդ գիտեմ, որ պատվիրատուները կարող են լինել կրկնակի, եռակի, քառակի քողարկված»:

Ամեն դեպքում Արամ Հարությունյանն այս վարկածին էլ լուրջ չի վերաբերում: «Ի վերջո, կներեք, էդ միջնորդավորվածի ժամանակ կամ մեկը քիլլեր ա լինում, իրեն փող են տալիս… Վարդան Սեդրակյանի ի՞նչին էր պետք փողը, ինքը, ինչքան հասկանում եմ, փողի խնդիր չի ունեցել: Ես ուղղակի որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Եվ հետո էդ տղերքն էլ շատ շվարած էին, էլի (նկատի ունի սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին ): Որ ասում ա՝ քիլլերի տեսք չունեին»:

Հիշեցնենք, որ մամուլով հաղորդվեց , որ փետրվարի 7-ին Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված անձինք՝ 1966թ. ծնված, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը իրականացրել են Վարդան Սեդրակյանի տան և ամառանոցի վերանորոգումը:

Ինչ վերաբերում է հարցին՝ սպասե՞լի էր այս կալանավորումը, թե ոչ, ապա Արամ Հարությունյանը նշեց, որ իր՝ Վարդան Սեդրակյանի համար էլ էր սպասելի, քանի որ վերջինս դեռ ընտրություններից առաջ հայտնել էր, որ իրեն, անպայման, կձերբակալեն մինչև փետրվարի 25-ը և որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում։