ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի հայատյաց և հայերի հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ ատելության պետական քաղաքականության վերաբերյալ, ինչն արտահայտվում է նաև «սև ցուցակների» գործադրմամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից փոխանցված հայտարարության մեջ նշված է. «Ազատության մեջ հայտնվելուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինի կատարած գրառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ Ադրբեջանում հայատյացությունն ունի խորը արմատներ, իրականացվում է պետական բարձր աջակցությամբ և ուղղված է ազգությամբ հայերի դեմ: Այդ քաղաքականության արդյունքն է այն, որ արդեն ոչ միայն ազգությամբ հայերին, այլ նաև հայերի հետ որևէ առնչություն ունեցող ցանկացած անձին խոշտանգելը խրախուսվում է և համարվում պատվաբեր արարք: Ակնհայտ է, որ Ադրբեջանում «սև ցուցակները» հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս են:

Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս համոզմունքները ներկայացրել է միջազգային կառույցներին: Նրանցից ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը, Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտը Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ կապված Ա.Լապշինի հանձնման հետ: ԵԱՀԿ ներկայացուցիչն այս առնչությամբ դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ  Ա.Լապշինին ադրբեջանական կողմին հանձնելու դեպքում նա կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ: Ըստ Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի՝ Ա.Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների արժեքները:

Միջազգային գործընկերների այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու կհամարվեն իրավաչափ: Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքի արցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի ու ռեսուրսների առավելագույն հնարավորություններով շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ: Իրավական ոչնչացման է ենթակա նաև ադրբեջանական «սև ցուցակ» կոչվող երևույթը. այն հայատյաց քաղաքականության մաս է և չունի որևէ լեգիտիմ բնութագիր»: