Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այսօր իդեալական չես անվանի: Տարիներ շարունակ խոսվում է անելիքների մասին, եւ թվում է, թե «Հայաստան-Սփյուռք» երկու մեծ համաժողովները (1999 թ. եւ 2006 թ.) պետք է այդ առումով պարզություն մտցնեին, բայց դրանց գործնական նպաստը սպասվածից շատ քիչ եղավ։ Գոնե մասնակիցներից շատերի կարծիքը հենց այդ էր վկայում։ Հիմա նոր փորձ է կատարվում վերաձևակերպելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ֆորմատը, որոշակի ռեսթարթ տալու, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Համահայկական համաժողովը, որն այս պահին ընթանում է Երևանում, ավելի շատ ներքաղաքական խնդիրների լուծման գործիքակազմ է դառնալու և դժվար թե ծառայի իր բուն նպատակին, այն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերանայմանը և խորացմանը:

Համաժողովի նպատակը, ինչպես գիտենք, Համահայկական խորհդի ստեղծումն է, որն էլ, շատերի կարծիքով՝ պետք է հանդիսանա այն հարթակը, որը Սերժ Սարգսյանը կօգտագործի 2018-ին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու հարցում համազգային կոչ-պահանջ ձևակերպելու համար: Մինչդեռ, անգամ Բաղրամյան 26-ում հստակ չեն պատկերացնում, թե ինչ օրակարգ է ունենալու այս նորաստեղծ կառույցը, դա պարզ չէ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին և կառույցներին: Հատկապես հեգնական է հնչում համաժողովի ընտրված վերնագիրը՝ «փոխադարձ վստահություն»: Սփյուռքը վաղուց դադարել է վստահել ներկայիս իշխող վարչակարգին, ելնելով այդ վստահության չարաշահման անցյալի դառը փորձից: Համաժողովը պարզապես գործիք է իշխանությունների ձեռքում՝ սփյուռքում իրենց դիրքերն ամրապնդելու և լեգիտիմության շղարշն ամրապնդելու համար: Սակայն Սերժ Սարգսյանի կողմից նախագծված Համազգային խորհուրդը ևս լեգիտիմ չես անվանի: Հասկանալի չէ՝ ինչ սկզբունքով են ընտրված այս համաժողովի մասնակիցները, ինչո՞ւ հրավիրված չեն ընդդիմության ներկայացուցիչները, որոնք էլ լինելու նոր ստեղծվելիք կառույցի գլխավոր սուբյեկտները և նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը գիտի թերևս միայն Սերժ Սարգսյանը, ում պատվերով էլ շուտով ականատես կլինենք համահայկական նոր կառույցի ստեղծմանը: Հաշվի առնելով նախագահի կողմից համահայկական կառույցներ հիմնելու անցյալի դառը փորձը, հուսանք, որ այս խորհուրդը չի արժանանա Համահայկական բանկի ճակատագրին՝ այն է՝ տարիներ շարունակ անգործության մատնվելուց հետո չի անցնի պատմության գիրկը…

 

Ստելլա Խաչատրյան