«Եթե ղեկավարը սկսում է կառավարել իր ստորադասի աշխատանքը՝ անտեսելով միջին օղակները, նա խախտում է կառավարման օրենքները: Հայաստանում կառավարումը հենց այդպիսին է. շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են մեր կառավարիչները վիրավորում իրենց ենթականերին, մեզանում չկա քաղաքական հաղորդակցման կուլտուրա: Կառավարիչների ուսուցումը, ցավալի է, որ Հայաստանում նոր է սկսել ներդրվել և դրանով  է պայմանավորված, որ մենք կառավարիչների լուրջ խնդիր ունենք»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանը:

Հոգեբանի խոսքով՝ պաշտոնյաների մեջ կան հոգեկան հատկություններ, որոնք սակայն, միշտ չեն հաշվի առնում, այնպես, ինչպես ունենք լավ օրենքներ, որոնք, սակայն, չեն կիրառվում.«Պետք է պաշտոնյաների ընտրության ժամանակ հոգեբանական ընտրություն կազմակերպել և նրանց ընտրել նաև իրենց հոգեբանական հատկանիշների հիման վրա»

Պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը գնահատեց նաև երկրի թիվ մեկ կառավարչի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարչական գործունեությունը՝ նշելով. «Պարոն Կարապետյանի գործունեությանը ծանոթ եմ այն ժամանակվանից, երբ նա այլ պաշտոններում էր աշխատում: Նրա գալու հետ մենք շատ մեծ սպասումներ ունեցանք՝ սպասելով, որ դրանք շատ արագ իրականություն կդառնան՝ մոռանալով, որ անհնարին է դրանց արագ հասնել: Կարծում եմ՝ վարչապետին հաջողվեց փոխել մտածելակերպը հասարակության մեջ, սակայն պետք է նշեմ, որ պետք չէ չափից մեծ սպասումներ ունենալ; Ես կարծում եմ, որ վարչապետին դեռ ժամանակ է հարկավոր»: 

Հոգեբանը տվեց նաև ընդդիմադիր գործիչների հոգեբանական նկարագիրը՝ նշելով, որ մեր ընդդիմադիր գործիչների հոգեբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ ցավալի կերպով, նրանք իրենց սխալները չեն տեսնում. Նախ պետք է իրենց սխալները տեսնեն, որից հետո կարելի է քննադատել դիմացինին, ինչը մեր ընդդիմադիր գործիչների մոտ շատ հաճախ բացակայում է: սա էլ գալիս է նրանից, որ մեզանում այդ քաղաքական կուլտուրան չկա: