Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, ով դեմ է, որ Հայաստանում որեւէ լեզու հայոց լեզվին հավասար կարգավիճակ ստանա: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կառավարության՝ ռուսաց լեզվի խորացված դասավանդման նոր հայեցակարգին, որով ռուսերենն առանձնացվում է եւ որոշակի առավելություններ ստանում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա հայոց բթամտությունն է… մենք էդքան հող էլ չունենք սեփական, մենք փրկել ենք մեր լեզուն, որեւէ հայ եթե ասում է՝ Հայաստանում այլ լեզու լինի, չգիտեմ՝ ինչ ասեմ, վատ բառեր չեմ ուզում ասել»: Գալուստ Սահակյանը դեռ չի ուսումնասիրել հայեցակարգը եւ լավ չի պատկերացնում ինչի մասին է խոսքը, բայց կարծում է, որ եթե հայոց լեզվից «ձեռք են քաշում», ուրեմն «ձեռք են քաշում» նաեւ անկախությունից: Ով-ով, բայց Գալուստ Սահակյանը դժվար թե տեղյակ չլինի այն, մեղմ ասած, նվաստացուցիչ իրողությունից, որ անկախությունից մենք վաղուց ենք ձեռք քաշել, որովհետև այդ գործընթացն իրականացվում էր իր և իր կուսակցության անմիջական մասնակցությամբ: Նաև քիչ հավանական է այն տարբերակը, որ նման սուր քննադատություն հնչեցնելու պատճառը Գալուստ Սահակյանի հոգու խորքում արթնացած նժդեհականությունն է:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն Նժդեհի և նրա գաղափարախոսության հետ որևէ աղերս չունի, Գալուստ Սահակյանն իր կոմերիտական անցյալով՝ առավել ևս: Սա պարզապես ՀՀԿ հին ոգու անթաքույց ընդվզումն է նոր ոգու դեմ: Նորություն չէ, որ ՀՀԿ-ում ծայր առած տրանսֆորմացիոն գործընթացում գլխավոր տուժողը հենց Գալուստ Սահակյանն է, ով զրկվեց ԱԺ նախագահի պաշտոնից և ընդհանրապես ՀՀԿ-ում ասողի կարգավիճակից: Եվ հիմա տպավորություն է ստեղծվում, որ նոր ոգուց՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ամենանեղսրտածը հենց Գալուստ Սահակյանն է, եթե անգամ ոչ իր, ապա իր տղայի համար. չէ՞ որ մամուլը վերջին շրջանում Արման Սահակյանին վաստակած հանգստի է ուղարկում 2018-ից հետո՝ պայմանավորված կառավարությունում սպասվող կառուցվածքային բարեփոխումների հետ: Դա է պատճառը, որ ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը հարցին ողջ ՀՀԿ-ից միայն Գալուստ Սահակյանն է բաց տեքստով հայտարարում՝ իհա՛րկե Սերժ Սարգսյանը, ուրիշ էլ ո՞վ… թերևս մաեստրոն արտահայտում է այս հարցում իր անձնական ցանկությունը, այլ ոչ թե իշխող մեծամասնության կոնսենսուսային որոշումը...

 

Ստելլա Խաչատրյան