«Ղազախական ֆիլմերի շաբաթ»-ի շրջանակում Երևանում կներկայացվեն ղազախական արտադրության տարբեր տարիների լավագույն կինոնկարները: Շաբաթվա ֆիլմերի ցանկում ընդգրկվել են «Շալ», «Նվեր Ստալինին», «Իմ մանկության երկինք», «Նոմադ» և «Անդրսիբիրյան ճեպընթաց» ժապավենները: «Ղազախական ֆիլմերի շաբաթ»-ի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
 
«Հայ-ղազախական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ենք անցկացնում այս շաբաթը: Այս տարի նաև նշում ենք Երևանում Ղազախստանի դեսպանության բացման տասնամյակը»,- նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը և հավելեց, որ Ղազախստանում նկարահանվում են բազմաթիվ կինոնկարներ, որոնք հաջողությունների են հասնում նաև արտերկրում, սակայն հնարավոր չէր դրանք բոլորը ներկայացնել Հայաստանում: Ընտրվել են բազմաժանր, բազմաբովանդակ կինոնկարներ բոլոր լսարանների համար:
 
Բացման արարողությանը ցուցադրվեց հանրահայտ «Շալ» կինոնկարը, որի գլխավոր դերակատարն Էրբոլատ Տագուզակովն է:
 
«Ես շատ եմ հավանում իմ կերտած հերոսին, որը մեծ ժողովրդականություն է վայելում: Այս ֆիլմի շնորհիվ ճանաչում ձեռք բերեցի, ինչը ինձ շատ հաճելի է, քանի որ տարբեր մարդիկ մոտենում են ինձ, ողջագուրվում, նկարվում ինձ հետ և ամենայն բարին մաղթում»,- ասաց դերասանը:
 
Նա շեշտեց, որ առաջին անգամ է Հայաստանում, հասցրել է շրջել Երևանի կենտրոնում ու արդեն սիրում է մեր քաղաքը: «Մարդիկ ժպտում են, ջերմ են ու հյուրընկալ»,- եզրափակեց Տագուզակովը:
 
«Շալ» ֆիլմի ռեժիսորը Էրմեկա Տուրսունովան է: Այն նկարահանվել է 2012 թվականին` Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի մոտիվներով: 2013-ին ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի «Տարվա լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: