Վերջերս հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը որոշել է դպրոցներում ավելացնել ռուսաց լեզվի դասաժամերն ու խստացնել ռուսերենի ուսուցումը։ Այս որոշմանը ամենախիստն արձագանքեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ով իր կուսակցի մտքի թռիչքը բթամտություն որակեց։

Սա աննախադեպ իրադարձություն էր Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, քանի որ նրան ոչ ոք այսպիսի սուր քննադատության չէր արժանացրել, այն էլ՝ հարազատ կուսակցության ներսից։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի նորամուծությունները Հանրապետականի շատ պահպանողականների մոտ լուրջ դժգոհությունների առիթ են դառնում, ինչը կարող է ազդել նրա վարչապետական կարիերայի վրա։ Խնդիրն այսքան լուրջ չէր լինի, եթե Կարեն Կարապետյանի որոշումները չպաշտպանեին ՀՀԿ-ական բազմաթիվ պաշտոնյաներ՝ թե՛ պատգամավորներ, և թե՛ նախարարներ։ Ամեն դեպքում՝ Կարեն Կարապետյանն իրեն ամենեևին էլ անպաշտպան չի զգում ՀՀԿ-ում։ Եվ այս հների ու նորերի բախման արդյունքում մոլորության մեջ հայտնված Հանրապետական երիտասարդներն աշխատում են չխառնվել այս գիգանտների մրցապայքարին, մինչև տեսնեն, թե որ թևը հաղթող դուրս կգա։

Ի՞նչ է ստացվում․ իշխող կուսակցության ներսում ունենք 3 բևեռ՝ պահպանողական նժդեհականներ՝ ի դեմս հնաբնակների՝ Գալուստ Սահակյանի, Մուշեղ Լալայանի և այլոց, ազատականներ՝  ի դեմս վարչապետի և իր կաբինետի, և չկողմնորոշվածներ՝ ի դեմս իշխանական էլիտայի երիտասարդների։ Հարկ է ընդգծել, որ Գալուստ Սահակյան-Կարեն Կարապետյան երկխոսությունը չէ, որ նման հետևությունների առիթ է տալիս. այդ երկխոսությունն արդյունք է գաղափարական տարբերությունների։ Հնարավոր չէ նման պայմաններում Սփյուռքի աչքին թոզ փչել, թե մի օր ամեն ինչ լավ կլինի, քանի որ խնձորը ներսից է փտած։

Եվ այս բևեռացումը գնալով խորանում է, իսկ 2018-ին ընդառաջ՝ իշխող ուժը կկանգնի ներքաղաքական շատ լուրջ խնդրի առաջ։ Ինչքան էլ մեր ընդդիմադիրները իշխանությանը հնարավորություն տան սխալվելու ու իր կամքը թելադրելու, մեկ է՝  նման զարգացումների պարագայում վաղ թե ուշ, եթե ոչ խորհրդարանական, ապա արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկը կարող է համաժողովրդական պայքար սկսել և մենք իշխանափոխության ականատես կլինենք, քանի որ օր-օրի փլուզվող ՀՀԿ-ն ոչինչ չի կարողանա  անել։

Վաչիկ Գրիգորյան