Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետից լրագրողները հետքրքրվեցին՝ ինչպես է Կառավարությունը հայտարարում արձանագրված դրական ցուցանիշների մասին, երբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա դրական աճ չի զգում. «Օրինակ, դուք Կառավարության աշխատանքի ինչպիսի՞ գնահատականներով եք կարծիք կազմում: Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ ուրիշ, ո՞նց ենք տարբերելու: Ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշներ: Մենք այս ամբողջ ամիսը հաշվետվություն ենք տալիս՝ այդ թվում նաև ձեզ: Թե որ քաղաքացիներն են իրենց մաշկի վրա զգացել, որը չէ, շատ սուբյեկտիվ է»:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունն իր գործունեությունն ամփոփել է՝ ներկայացնելով համապատասխան վիճակագրություն, ըստ որի՝ արձանագրել են 6 տոկոս տնտեսական աճ: 

Կառավարության ղեկավարը պատասխանեց նաև հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք տեսակետը, որ 2018թ.-ից հետո վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ականները վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում: 

«Եկեք այսպես ասենք. մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի  ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրե՛ք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ այդ թեմայով կխոսի այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը: