Հայաստան-սփյուռք համաժողովը իր բոլոր թերություններով հանդերձ առիթ հանդիսացավ բազմաթիվ օրակարգային խնդիրների քննարկման, ինչպիսիք են տնտեսությունում առկա բացթողումները, բանակաշինությանն առնչվող մի շարք խնդիրներ, Արցախյան կոնֆլիկտը, արտագաղթն ու հայապահպանությանն առընչվող բազմաթիվ հարցեր։ Որքանով այս խնդիրները լուծում կստանան դա ժամանակը ցույց կտա, բայց որ նրանք արդեն համահայկական մասշտաբ են կրում դա գովելի փաստ է։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, որը նորից վկայում է մեր կործանված քաղաքական մշակույթի մասին, դա ընդդիմադիր ուժերի անգործությունն է այսքան կարևոր քննարկումներին։ Լրիվ տրամաբանական կլիներ նրանց չմասնակցելը քննարկումներին միայն այն պարագայում, եթե համաժողովը կրեր կուսակցական բնույթ։ Սակայն ի սկզբանե այն միտված էր համահայկականության գաղափարին, ինչը նշանակում է, որ երկրով մտահոգված ոչ մի քաղաքական ուժ կամ դերակատար չպետք է անմասն մնար։

ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարացնել իրենց անգործությունը նրանով, որ իրենք հրավեր չեն ստացել Հանրապետական կուսակցությունից։ Ստացվում է, որ ժողովրդին ծանր իրավիճակից դւորս բերելու ելք փնտրողները սպասում են հրավերի՝ մասնակցելու երկրում կարևորագույն քաղաքական իրադարձությանը։ Այն ինչ ընդդիմադիր քաղաքական ուժն ավելի շահագռգռված պետք է լինի սեփական գաղափարներն առաջարկելու հնարավորությունը բաց չթողնելու հարցում։ Ու ոչ ոք իրավունք չունի հրավիրել կամ չհրավիրել  հասարակության որոշակի զանգվածի վստահությունը վայելող քաղաքական գործիչներին նման խորհրդաժողովի, քանի որ իրենց մասնակցությունը պարտադիր է, թե քաղաքական առումով, թե բարոյական։ Եվ հիմա պետք չէ նեղվածի կերպարանք ընդունել՝ մեղքը բարդելով իշխանությունների վրա։ Իսկ «Ծառուկյան» դաշինքը դեռ չի մեկնաբանել, թե ինչու չի մասնակցել համաժողովին, ամեն դեպքում ինչ էլ որ պատճառաբանի մեկ է արդյունքում իրենք նույնպես ձեռքերը ծալած դիտորդի կարգավիճակում են եղել։ Այդ անգործությունն էլ այն պարագայում է, երբ համաժողովի ժամանակ բազմաթիվ հանդուգն հայտարարություններով հանդես եկան ելույթ ունեցողները, որոնցից մասնավորապես կարելի է առանձնացնել Արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ տարածքների հանձնումը կլինի խնդրի հանգուցալուծում։ Եթե անգամ նմանատիպ հարցերին չի անդրադառնում ընդդիմությունը, դա նշանակում է, որ նրանց պասիվությունն իր գագաթնակետին է հասել։

Նմանատիպ քաղաքական կեցվածքը հարիր չէ խորհրդարանական ընդդիմությանը։ Իշխանություններին ժողովրդի սպասելիքները չարդարացնելու մեջ մեղադրելու փոխարեն, լավ կլինի ընդդիմադիրներն իրենք արդարացնեն իրենց վստահված ճարահատյալ ձայները։ Նման իրավիճակը ստիպում է ժողովրդին հույսը դնել միայն իշխանությունների վրա, քանի որ այլընտրանք չկա։ 

Վաչիկ Գրիգորյան