Անկախության 26-րդ տարեդարձի հրավառության համար նախատեսված գումարի չափը, որը կկազմի մոտ 11 մլն, կորոշվի տրամադրել կառավարության վաղվա նիստում: Ի դեպ՝ ով չգիտի՝ հիշեցնենք, որ հրավառությունն այսօր է լինելու։
Ստացվում է, որ հիմա միջոցառման կազմակերպիչները դռնեդուռ ընկած՝ պարտքով գումար են մուրում, կամ էլ կառավարությունը հույս ունի, որ մեկը կգտնվի էս երկրում, ով կուզի մի լավ բան անել։ Իսկ եթե չգտնվի՞: Մենք արդյո՞ք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ տոները պետք է ուղեկցվեն 11 միլիոնանոց հրավառություններով։ Իհա՛րկե: Իսկ այդ դեպքում ինչի՞ համար ենք դպրոցներ ու բուժաշխատություններ փակում, ինչի՞ համար ենք ուսուցիչներ ու բժիշկներ կրճատում։ Համեմատության համար կարող ենք արձանագրել, որ մեկ հրավառության գինը, որն այսօր կճախրի Երևանի երկնքում, ուղիղ համեմատական է մի ամբողջ դպրոցի անձնակազմի երկու ամսվա աշխատավարձին: Այն, որ մեր իշխանությունները չափազանց տնտեսող են՝ իհարկե գաղտնիք չէ, բայց նման գործելաոճն իսկապես զարմացնող է։ Արտաքին պարտքը քիչ էր, հիմա էլ ներքին պարտքերն են ավելացնում իշխանությունները։ Վաղը կլինի՝ կտան, իսկ եթե չլինի՝ կվարվեն այնպես, ինչպես վարվում են հայ գյուղացիները. մի տեղից պարտքով կվերցնեն՝ մյուս պարտքը կտան, ու այսպես՝ դեպի կործանում։
Որպեսզի օրը չփչացնենք, բացասական բաներին շատ չենք անդրադառնա, ի վերջո՝ լավ բաներ էլ շատ կան, օրինակ՝ այսօր գիտե՞ք ինչ լավ հրավառություն է լինելու։ Շնորհավո՛ր Անկախության օրը:
Վաչիկ Գրիգորյան