Թուրք գործիչները, ովքեր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում Հայաստանում են, ցանկանում են տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Լրագրողների հետ զրույցում Մշակութային համալսարանի ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն ասաց, որ իրենց՝ Հայաստանում գտնվելը խորհրդանշական շարունակությունն է 2008 թվականին սկսված գործընթացի:

Հայաստանում են նաև Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն, գրող, ակտիվիստ Սաիդ Չեթինօղլուն:

«Հայաստանում գտնվող մտավորականներս ներկայացնում ենք այն զանգվածը, ովքեր ուզում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որպեսզի վերջապես Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մեր երկու հասարակությունները մերձենան։ 2008 թվականին սկսված մերձեցման այն գործընթացը, որը նաև զուգակցվում էր ցեղասպանության մասին հիշողությունների վերհանումով հետագայում Թուրքիայում ավտորիտար ռեժիմի կոշտացման հետ միասին ձախողվեց։ Նույն ձևով էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները տարբեր պատճառներով ձախողվեցին։ Մեր այսօրվա այստեղ գտնվելը խորհրդանշական շարունակությունն է 2008 թվականին սկսված այդ գործընթացի, որով ուզում ենք ցույց տալ, որ մենք պատրաստ ենք շարունակել այդ գործընթացը»,- ասաց Բայրամօղլուն։ 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Նա իր խոսքում նշել էր, որ դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ:

Բայրամօղլուն ՀՀ նախագահի այդ խոսքերի վերաբերյալ ասաց, որ ավտորիտար ռեժիմը մի փաստ է Թուրքիայում, որը բացասաբար է ազդում թե՛ արտաքին քաղաքականության վրա, թե՛ Թուրքիայի ներքին խնդիրների վրա:

«Եթե 2008-2009 թվականների Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը, խոսակցություններն աննախադեպ կերպով աճ էին ապրում, ավելի շատ էր խոսվում, քննարկվում այդ մասին: Այսօր այդ հարցն օրակարգի ամենավերջին տեղերում է: Թուրքիայում առկա մեկ մարդու` Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը, ով ամեն ինչ կուտակում է իր ձեռքերում, մեծ խոչընդոտ է առաջացնում այս խնդրի շուրջ ռացիոնալ որոշումների կայացմանը և ավելի շատ հակված է պոպուլիստական, ազգայնական մտածողությամբ մոտենալ այս խնդիրներին»,- եզրափակեց Բայրամօղլուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: