Երկրում համազգային  ոչնչացման մեխանիզմների կիրառման պատասխանատվությունն այս անգամ իշխանությունները  Առողջապահության նախարարության վրա էին դրել։ Երեկ Լևոն Ալթունյանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի, շտապ օգնության ծառայությունից օգտվողներն այսուհետ կվճարեն, բացառությամբ՝ ծայրահեղ ծանր դեպքերի։

Պատճառն այն է, որ նույն մարդը շատ հաճախ մեկ օրվա ընթացքում 5 անգամ օգտվում է այս ծառայությունից։ Երևանի «Շտապբուժօգնութնյուն» ՓԲԸ-ի տնօրենը փաստում է, որ 650-700 կանչերից ընդհամենը 15 տոկոսն է, որ անհետաձգելի են և հիվանդին անհապաղ հոսպիտալացում է հարկավոր լինում։ Ստացվում է, որ պետք է հիվանդը մահամերձ լինի, որ շտապ օգնության կարիք ունենա, այլապես՝ նա պետք է վճարի այդ օգնության համար։ Իսկ հիվանդն ինչպե՞ս կարող է իմանալ՝ մահանո՞ւմ է, թե՞ ուղղակի ճնշումն է բարձրացել։ Պետք է բացի դրամապանակը, տեսնի գումար կա, թե՝ ոչ, եթե չլինի՝ պետք է մի քիչ էլ սպասի, ու երբ կկորցնի գիտակցությունը, նոր՝ դիմի շտապ օգնության ծառայությանը։ Այս խայտառակ նախագիծը ոչ միայն կարող է ճակատագրական հետևանքների հանգեցնել, այլ նաև կորցնում է շտապ օգնության տրամաբանությունը և շտապ օգնությունը դառնում է տնից հիվանդանոց հասցնող փոխադրամիջոց։

Մենք խնդիրը դիտարկեցինք հիվանդների առողջության տեսանկյունից, որը, իհարկե, ամենակարևորն է, սակայն, եթե դիտարկենք նախաձեռնող սյուբեկտի տեսանկյունից՝ կհասկանանք, որ Լևոն Ալթունյանի ախորժակը չի հագենում և գումարի բույրն այնքան անուշ է, որ նա մարդկանց առողջությունը ռիսկի տակ դնելիս անգամ չի մտածում, եթե դրա միջոցով կարելի եկամուտ վաստակել։ Նրա գրեթե բոլոր ծրագրերը կապված են քաղաքացու գրպանը մտնելու հետ. նախ՝ ծխախոտի թանկացման հետ կապված ծրագիրը, այնուհետև պետպատվերի քվոտավորումը և ինչպես տեսնում ենք՝ այս շարքը լրացվում է:

Նախարարի այս գործելաոճը ոչ միայն անդրադառնում է քաղաքացիների, այլև  Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնացած, այս համակարգում երկար տարիներ աշխատող բժիշկների վրա, քանի որ նման ծրագիրը արհեստական խոչընդոտ է ստեղծում նրանց աշխատանքում և քննադատության սլաքն ուղղում նաև անմեղ մասնագետների ուղղությամբ։

Վաչիկ Գրիգորյան