«Անկախ այն հիմնական ուղերձներից, որոնք հնչեցին ՄԱԿ-ում ՀՀ և Ադրբեջանի նախագահների կողմից, կարևոր է մի գլխավոր դիտարկում. երկու նախագահների կողմից հնչեցին ծայրահեղ հակադիր տեսակետներ Արցախի հարցի վերաբերյալ, ուստի, ակնհայտ է դառնում, որ քաղաքական ճանապարհով՝ այս հակամարտության հարցում դրական քայլ արձանագրել չենք կարող»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին:

Քաղաքագետի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանն այս բարձր ամբիոնից հայտարարեց այն մասին, որ Հայաստանը կոշտացնում է քաղաքականությունը՝ ուժեղացնելով սեփական դիրքերը, ինչին նյարդային արձագանքեց Ալիևը. «Ադրբեջանի նախագահի նման նյարդային ելույթը, Սերժ Սարգսյանի հասցեին անձնական վիրավորանքները փաստում են մի բան, որ Ալիևը փաստարկներ չունի: Նրա ելույթից միայն կարելի է առանձնացնել հատկապես այն, որ նա բարձրաձայնեց Ապրիլյան պատերազմի օրերին իրենց կրած կորուստների մասին՝ խոստովանելով, որ հարյուրավոր տներ են քանդվել, ինչը փաստում է, որ հայկական կողմն արժանի պատասխան է հասցրել հակառակորդին»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ չէր եկել քաղաքական օրակարգով, ինչի հետևանքով էլ և՛ նա, և՛ նրա ընտանիքը դարձավ ծաղրանքի առարկա. «Ալիևը նոր պատերազմի է սպասում, դրա համար էլ անընդհատ ձեռք է բերում նոր զինատեսակներ. սա՛ է նրանց օրակարգը: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը խնդիր ունի նոր հարձակում իրագործելու, ցույց տալով իր ուժը: Վստահ եմ սակայն, որ պատերազմ սանձազերծելու դեպքում չի կարող հաղթանակ արձանագրել: Ռազմական լուծումը, կամ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բացակայությունը Ադրբեջանի հիմնական նպատակն է»:

Հարցին՝ արդյո՛ք ռուսական կողմը կարող է սրել իրավիճակը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատախանեց. «Ռուսաստանը ցանկանում է տեսնել խաղաղ Հարավային Կովկաս, քանի որ նրան այստեղ պատերազմական օջախ պետք չէ»:

Աղավնի Սուքիասյան