ԼՈւՐԵՐ.com-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքվեց՝ արդյոք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքներ հանձնելու վերաբերյալ արված հայտարարությունը չի փաստում, որ Արցախի և ՀՀ պաշտոնական գերատեսչությունների միջև առկա է լուրջ տարաձայնություն: Հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշեց. «Էդվարդ Նալբանդյանի այս պատասխանին շատ արագ արձագանքեցին Արցախի պաշտոնյաները: Իսկ Դավիթ Բաբայանի արձագանքը շատ կոշտ պատասխան է: Սա ցույց է տալիս մեկ բան, որ այս հարցում՝ այո՛, առկա է որոշակի տարաձայնություն: Արցախը շատ արագ հակադարձեց՝ շեշտելով, որ որևէ տարածք չեն պատրաստվում զիջել»:

Դիտարկմանն՝ այս պարագայում ինչպես է որակում նախարարի՝ նման կարևոր բացթողումը, քաղաքագետը պատասխանեց. «Կա՛մ սա նախարարի կողմից լեզվի սայթաքում էր, կա՛մ նա իր խոսքը կառուցեց Մադրիդյան մոտեցումների հիման վրա, որոնք ես համարում եմ չաշխատող սկզբունքներ: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը համարում եմ ուշացած, ակնհայտ սխալ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ իր սխալը շատ արագ գիտակցեց նաև նախարար Նալբանդյանը՝ փորձելով պատճառաբանել, որ իր խոսքը կտրված է կոնտեքստից, ինչն այդպես չէ. կան տեսաձայնագրություններ:

Քաղաքագետն անդրադարձավ նաև վաղը սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու դրա հնարավոր հետևանքներին՝ նշելով, որ այս հերթական հանդիպումը որևէ դրական հետք չի կարող թողնել Ղարաբաղյան հիմնախնդրի վրա. «Որևէ բանակցություն չի կարող ընթանալ: Դրանք ընդամենը հանդիպումներ են, որոնք որևէ արդյունք չեն կարող տալ: Անգամ Ալիև-Սարգսյան հանդիպման պարագայում որևէ դրական արդյունք չի կարելի ակնկալել և այս ամենի պատճառն  այն է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հայկական կողմի նախապայմանները»: