Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, որը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին մոտ 200 հյուրեր, որոնց թվում՝ Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, Արտաքին առևտրի կազմակերպության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացմանը միտված ծրագրերին: Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի սերտացող փոխգործակցությունից, որի մասին է վկայում նաև վերջերս ՀՀ կառավարության՝ Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու, իսկ ավելի վաղ Ճապոնիայի կառավարության՝ ՀՀ քաղաքացիների համար Ճապոնիա մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ որոշումները: 

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունն առավել խորացման համար:

«Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպության նախագահ Յասումինե Սատակեն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին՝ անդրադառնալով հայ-ճապոնական գործարար և մշակութային կապերի հետագա խորացմանն ու զարգացման ուղղված նախաձեռնություններին: