«Խոստում» ֆիլմի միջոցով հանրության լայն շրջանակին հայոց պատմությանը ծանոթացնելով` հնարավոր կլինի կանխել մարդկության նկատմամբ թույլ տրվող ոտնձգությունները: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

«Խոստումը» կինոնկարն իմ նկարած կարևոր ֆիլմերի ցանկում է, և ես հուզմունքով եմ Հայաստան վերադառնում, քանի որ հայ ժողովրդի նախնիները տառապել են ֆիլմում նկարագրված  հանցագործությունների պատճառով: Ձեր կորստի, ցավի ու տանջանքի միայն փոքրիկ բեկորն է ներկայացված ժապավենում: Կարծում եմ, որ կինոն նման թեմաներ արծարծելու, դրանք պատմելու լավագույն արտահայտչամիջոցն է»,-շեշտեց ռեժիսորը:

Պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի խոսքով` Թերրի Ջորջը ստանձնել է մի նախագծի իրականացում, որից շատերն էին վախենում: «Պատճառը ճշմարտության բացահայտման դեմ ուղղված քարոզչությունն է: Սակայն ֆիլմը կայացավ, և ինչպես հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհն է վկայում, հայերս կանք, ապրում ենք»,-շեշտեց նա:

Անդրադառնալով ֆիլմի վերաբերյալ օտարների արձագանքին` ռեժիսորը նշեց, որ դիտողների մեծամասնությունը հենց ժապավենի միջոցով է տեղեկություն ստանում հայոց պատմության այդ դաժան էջերի վերաբերյալ: «Նրանք ապշում են, զարմանում ու պարզապես չեն կարողանում հավատալ, որ նման բան է եղել, և Թուրքիան դեռ չի ընդունել իր մեղքը»,-ասաց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

Նա խոսեց նաև ֆիլմի ամենահուզիչ ու բարդ տեսարանների, ինչպես նաև դերասանների նվիրումով աշխատելու մասին: «Հիանալի դերասանների հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Ես պարզապես կանգնում էի նկարահանման հրապարակում և թույլ տալիս, որ նրանք իրենց գործն անեն: Մենք նկարել ենք ֆիլմ, որը կարող են դիտել տասներեք տարեկանից բարձր երեխաները: Ինձ համար շատ բարդ ու դժվար էր նկարահանել հատկապես քաջարի մուսալեռցիների տարհանման դրվագները: Դրանց նկարահանումները մի քանի օր են պահանջել: Շատ կցանկանամ իմ հաջորդ ֆիլմում անդրադառնալ Իրաքից փախստականների խնդիրներին: Նման ֆիլմը կարող է «Խոստում»-ի շարունակությունը լինել, իսկ «Խոստումն» ավելի շատ ժամանակակից, քան պատմական դրամա է»,- ընդգծեց նա:

Էրիկ Իսրայելյանը հավելեց, որ «Խոստումը» կինոնկարը  հուզական ճամփորդություն է, որը նաև կրթելու, տեղեկացնելու նպատակ է հետապնդում:

Հեղինակներն անդրադարձան նաև համացանցում ֆիլմի վերաբերյալ տարածված բացասական կարծիքներին: «Դիտումից մի քանի ժամ հետո վատ կարծիքներ կային սոցցանցերում, որոնք արագ էին տարածվում: Լրագրողները բացահայտեցին, որ կարծիքների հեղինակներն ու դրանք տարածողները ժխտողականներ են, որոնք ցանկանում են շեղել հասարակ արվեստասերներին»,- շեշտեց պրոդյուսերը:

Ռեժիսորը հավելեց, որ ռեյտինգների համակարգը ազդեցություն ունենում է շարքային դիտողի վրա, բայց երբ մարդիկ նայում են ֆիլմը, այն շատ են հավանում: Նա շեշտեց, որ «Խոստումը» հարյուր տարվա համար է նկարահանվել:

Ռեժիսորն ընդգծեց, որ իրենք շատ պարտական են Քըրք Քըրքորյանին նման կինոնկար ստեղծելու համար: «Նա շատ խանդավառված էր և ոգևորված նկարահանումների կապակցությամբ, ցավոք, չկարողացավ տեսնել ֆիլմը: Նշեմ, որ ներկայումս նման կինոնկարներ ստեղծելու ավանդույթը կարծես մարում է և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում: Բայց մենք ուրախ ենք, որ ունենք այն, ինչ ունենք, և հուսանք, որ կարողացանք որոշ չափով օգնել Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տեղեկացնելուն»,- եզրափակեց Թերրի Ջորջը: