«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:

Օգոստոսին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA):

Հայաստան են գործուղվել միջազգային երեք փորձագետ. Ուիլիամ Քրուզ-Մորեյ (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու; Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում; Լոուրեն Նիկոլ (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:

Ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում և դասակարգում:

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում (քիմիական վտանգավոր նյութերի պահպանման, վերամշակման և ոչնչացման արդիական տարբերակներ)՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով: 

Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում և Ժնևում, UN OCHA) և լուրջ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար: