Որակյան հրապարակախոսություն, օպերատիվ լրատվություն, կենդանի և սերտ շփում լսարանի հետ, ահա ռուսական «Սնոբ» հանրահայտ ամսագրի նոր սեփականատեր Մարինա Գևորգյանի առաջնահերթությունները։

Ռուս գործարար Միխայիլ Պրոխորովի ՕՆԷԿՍԻՄ խումբը երեկ հայտարարել է 100 տոկոս բաժնեմասը «Սնոբ Մեդիա» ՍՊԸ-ին վաճառելու վերաբերյալ գործարքի ավարտի մասին։ Նախագիծը մնացել էր խմբի վերջին ակտիվը ռուսական մեդիաակտիվների ոլորտում։ Գնորդ է դարձել Մարինա Գևորգյանը, ով աշխատում է ընկերությունում 2009 թվականից և 2012-ից զբաղեցնում գլխավոր տնօրենի պաշտոնը։

Մարինա Գևորգյանն իր հերթին նշել է, որ իր մասնագիտական գործունեությունը 9 տարի կապված է «Սնոբ» նախագծի հետ, որը դարձել է իր անձնական և մասնագիտական կյանքի էական մասը։

Ռուսական մեդիաշուկայում սա միակ հայկական ազգանունը չէ։ Այդ ոլորտի հաջողակ հայերի թվում են RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, News Media հրատարակչատան գլխավոր տնօրեն, նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի ղեկավար Արամ Գաբրելյանովը։