Հայաստանն իր «ֆորպոստը» կամ «էքսկլավը» համարող Ռուսաստանը ինչպես եղել է բռնատիրական երկիր՝ անկախ կառավարման համակարգից, այնպես էլ շարունակում է մնալ այդպիսին ու նկրտումներ ունի իր կայսրությունն ընդլայնելու: Հենց նման նպատակի է ծառայելու ՌԴ «հանճարեղ» գաղափարներից մեկը՝ Մաքսային միությունը, որի մեջ Ռուսաստանը ցանկանում է տեսնել նաև Հայաստանին: Թե ի՞նչ է սպասվում Հայաստանին այդ միությանն անդամակցելու դեպքում, ի՞նչ կշահի ու կկորցնի մեր երկիրը, «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկու հետ:

- Պարոն Պորտանսկի, Մաքսային միության դրական և բացասական կողմերը որո՞նք են:

- Մաքսային միությունն այսօր միայն սկսում է զարգանալ, և այդ պատճառով այսօր դեռ դրական ու բացասական կողմերի մասին խոսելը վաղ է: Կա որոշակի դրական դինամիկա, որ Մաքսային միության մասնակիցների միջև առևտրի ծավալները մեծանում են, բայց միաժամանակ Մաքսային միությունը դեռ պետք է ամրացնի իր դիրքերն ապագայում, որ դառնա հզոր ինտեգրացիոն խմբավորում, վերածվի ընդհանուր շուկայի, այսինքն՝ ընդհանուր տնտեսական գոտի դառնա: Այնպես որ, այդ ինտեգրացիոն գործընթացը դեռ պետք է զարգանա:

- ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար խոչընդոտներից մեկն ընդհանուր սահմանի բացակայությունն է: Քննարկվում են նաև տարբեր կարգի այլ խնդիրներ: Ըստ Ձեզ՝ տնտեսական ի՞նչ շահ կունենա Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու դեպքում:

- Մաքսային միությանն անդամակցելու համար բոլորովին պարտադիր չէ ընդհանուր սահման ունենալ, առավել ևս՝ ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում: Աշխարհում կան ինտեգրացիոն խմբավորումների օրինակներ, երբ երկրների միջև չկա ընդհանուր սահման: Ներկայիս հեռահաղորդակցային հնարավորությունների պայմաններում դա այնքան էլ կարևոր չէ:

Ինչ վերաբերում է տնտեսական առավելություններին՝ Հայաստանն այս դեպքում կստանա շատ ավելին, քան Ռուսաստանը, քանի որ Հայաստանի համար կբացվի մի հսկայական շուկա, այսինքն՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի շուկաները, մինչդեռ, օրինակ, Ռուսաստանի համար Հայաստանի շուկան զգալիորեն ավելի քիչ նշանակություն կունենա, նրա համեմատ, ինչ Հայաստանը կստանա. Հայաստանը ինչ արտահանում է՝ ծխախոտ, կոնյակ, ալկոհոլային խմիչքներ, կարտահանի առանց մաքսատուրքերի: Այսինքն' Հայաստանի համար դա հետաքրքիր է:

- Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Չեն հակասո՞ւմ արդյոք ԱՀԿ-ի և Մաքսային միության գործունեությունները միմյանց:

- ԱՀԿ կանոնների և Մաքսային միության գործունեության միջև հակասություններ չկան: Աշխարհում շատ կան նման միություններ, որոնց անդամները նաև ԱՀԿ անդամներ են: Այնպես որ, այստեղ սկզբունքային հակասություններ չկան:

- Կարելի՞ է նույնը ասել Եվրոպական միության մասին:

- Իհարկե, կարելի է նույնը ասել. Եվրոպական միությունը նույնպես մաքսային միություն է, և դա միակ մաքսային միությունն է, որ ԱՀԿ անդամ է հենց մաքսային միության տեսքով: Դա եզակի դեպք է:

- Ձեր կարծիքով՝ Հայաստանը կարո՞ղ է համագործակցել և Եվրոպական միության հետ, և անդամակցել Մաքսային միությանը:

- Այո, իհարկե, բայց ընդհանրապես, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա առևտրային քաղաքականությունը իրականացնում է Մաքսային միությունը, այդ դեպքում առևտրային հարաբերությունների կառուցումը որոշում է Մաքսային միությունը, ոչ Հայաստանը: Այդտեղ իսկապես որոշ նրբություն կա: Այդ դեպքում ԵՄ-ի հետ դժվար կլինի ինքնուրույն հարաբերություններ կառուցել, քանի որ ՀՀ-ի այդ իրավասությունները պատվիրակված կլինեն Մաքսային միությանը:

- Այսինքն' Հայաստանը ինքնավարության կորո՞ւստ կունենա:

- Այո, երբ խոսքը գնում է ինտեգրացիայի մասին, այստեղ, իհարկե, խոսքը վերաբերում ինքնավարության որոշակի կորստին հենց առևտրատնտեսական ոլորտում, ոչ թե քաղաքական, այլ՝ առևտրատնտեսական:

- Այսինքն' այն, ինչ կստանա ՀՀ-ն՝ այդ մեծ շուկան, կփոխհատուցի՞ ինքնավարության կորուստը:

- Ես հասկանում եմ ձեր հարցը, բայց դա արդեն այլ հարց է: Հայաստանի ղեկավարությունն ինքը պետք է որոշի՝ որն է իրեն առավել ձեռնտու՝ անդամակցել Մաքսայի՞ն միությանը, թե՞ գերադասել եվրոպական ուղղությունը: Դա բարդ հարց է: Օրինակ՝ հիմա Ուկրաինան շատ դժվար է որոշում կայացնում: Անմիջապես, այսքան շտապ պատասխանել' դժվար է, և ես չեմ համարձակվի վերջնականապես պատասխանել դրան: