Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում, երբ արևմտյան քաղաքակրթությունը ոչնչացավ բարբարոսների ճնշման ներքո, իսկ մոլորակի՝ մի ժամանակ ամենահզոր կայսրություններում տիրում էր քաոսն ու անարխիան, Ֆլավիոս Աետիոսը՝ Արևմտյան Հռոմեական կայսրության հրամանատարը, դարձավ ողջ կայսրության ամենամեծ հույսը զավթիչների դեմ պայքարում:

Ֆլավիոս Աետիոսն ազնվական տոհմից էր սերում, նրա ծնողները ամուր կապեր ունեին իշխող քաղաքական գործիչների հետ: Հենց այդ պատճառով էլ Ֆլավիոսի՝ իր կարիերային հասնելու ճանապարհը բավականին հեշտ ու արագ ընթացավ: Սակայն սա այն դեպքն էր, երբ մարդն իսկապես արժանի էր բոլոր այն բարձունքներին, որոնց հասել էր: Հրամանատարի ժամանակակիցները նրան բնութագրում էին որպես բարի, պատասխանատու ու արդարամիտ մարդ:

Մի քանի տարվա գերազանց ծառայությունից՝ կայսրության պահակախմբերի ղեկավարումից ու Կայսրության Դղյակի պատասխանատու լինելուց հետո, Ֆլավիոս Աետիոսը նշանակվեց Գալիայի բանակի գլխավոր հրամանատար: Համատեղելով զգուշավոր ու կշռադատված քաղաքականությունը մարտական կոնկրետ գործողությունների հետ՝ նա կարողացավ պարտության մատնել վեսթգոթերի, ֆրանկների ու նորիկների զորքերին, որոնք վաղուց վնաս էին հանդիսանում կայսրության գոյության համար: Հաղթանակները Աետիոսին հանրահայտ դարձրին: Ողջ կայսրությունը ծափահարություններով էր դիմավորում նրան, և որոշ ժամանակ անց նա ստացավ զինվորական բարձրագույն կոչում՝ զորքերի գլխավոր հրամանատար:

Իրար դեմ դուրս բերելով բարբարոսական ցեղերին՝ Ֆլավիոսին երկար ժամանակ հաջողվում էր կայսրության սահմաններն անխախտ պահել: Սակայն 440 թվականին հոն հրամանատար Աթիլլան հսկայական բանակով մրրիկի նման անցավ Արևելյան Եվրոպայի միջով՝ ճանապարհին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր ոչնչացնելով: Հասկանալով, որ թուլացած Արևմտյան Հռոմեական կայսրությունը դժվար թե կարողանա դիմագրավել իր նման հզոր թշնամուն, Ֆլավիոս Աետիոսը հնարավորության չափով փորձում էր հետաձգել հոների դեմ պատերազմը (սակայն այն անխուսափելի էր)՝ հրամանատար Աթթիլային շատ թանկարժեք նվերներ ուղարկելով և որպես պատասխան ոչ պակաս թանկարժեք ընծաներ ստանալով: Իրար հաճոյանալը տևեց մի քանի տարի, մինչև որ փխրուն «բարեկամությունը» չավարտվեց 451 թվականին: Աթիլլան տասնյակ հազարավոր զորքերով հատեց Գալիայի սահմանն ու սկսեց թալանն ու սպանությունները:

 

 

Ընդհանուր, ավելի հզոր թշնամին մոտեցրեց հակառակորդներին. Ֆլավիոսը կարողացավ վեսթգոթերի արքա Թեդորիսին համոզել ռազմական դաշինք ստեղծելու:

Ֆլավիոսի հրամանատարության ներքո գտնվող միավորված զորքերը հոներին հանդիպեցին 451 թ. Կատալաունյան դաշտերում: Ականատեսների խոսքերով դեռ երբեք մարտի չէին բռնվել այդքան հսկայական զորքեր: Մահացու պատերազմը շարունակվեց օր ու գիշեր: Լուսաբացին հոները նահանջեցին դեպի իրենց ճամբարը՝ մարդկային մեծ զոհեր ունենալով: Սկզբնական հաշվարկները ցույց են տալիս, որ երկու կողմերը միասին մինչև 150 000 զոհ են ունեցել:

Աետիոսը ցանկանում էր պարտության մատնել հակառակորդին ու արդեն հրամայել էր շրջափակել նրա ճամբարը, սակայն վերջին վայրկյանին հետ կանգնեց այդ մտքից: Նա մտածում էր, որ ավելի լավ կլինի պահել հակառակորդներին ի հակակշիռ վեսթգոթերի: Հետաձգումից օգտվելով՝ Աթթիլան որոշեց հանձնվել՝ ընդունելով իր պարտությունը:

Կատալաունյան դաշտերում մարտից հետո Ֆլավիոս Աետիոսը հռոմեացիների համար հերոս դարձավ՝ Հռոմի ուբոլոր քրիստոնյաների պաշտպանը:

Նրա հայտնիությունը չկարողացավ չանհանգստացնել Վալենտինիան կայսրին, որին թվում էր, թե հրամանատարը իր տիտղոսին է ձգտում հասնել: Վերջիվերջո կայսրի կողմնակիցները համոզեցին նրան տաղանդավոր հրամանատարին զրկել կյանքից: Նա սրով հարձակվեց անպաշտպան հրամանատարի վրա ու այնքան հարվածեց, մինչև վերջինս դադարեց շնչելուց: Շրջապատող մարդկանց նայելով՝ կայսրը հարցրեց. «Հիանալի որոշում չէ՞ր Աետիոսին սպանելը»: Մի մարդ պատասխանեց. «Հիանալի էր, թե ոչ, չգիտեմ: Սակայն մի բան պարզ է. հենց նոր Դուք Ձեր ձախ ձեռքով կտրեցիք աջը»:

Ֆլավիոս Աետիոսի մահը ցնցեց առանց այդ էլ անկայուն դարձած կայսրությանը: Մարդը, որը կաարողանում էր սահման գտնել խաղաղության ու բարբարոսների դեմ պատերազմի մեջ, այլևս գոյություն չուներ: Արևմտյան Հռոմեական կայսրությունը վերջնականապես կործանվեց իր հերոսի մահից 20 տարի անց: Հռոմեացիներից վերջինը, ինչպես հրամանատարին այնուհետև սկսեցցին անվանել պատմաբանները, իր վստահ ու ճշգրիտ գործողություններով հիշեցնում էր Կեսարի, Պոմպեոսի, Օգոստոսի լեգենդար ժամանակների մասին: Նա կործանվող կայսրության վերջին հույսն էր, որը կոտրեց հենց ինքը՝ հռոմեական կայսրը: