Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարան բերվեց  «Իգլայի» խողովակը, որը ներկայացվեց զննության: 

Դատարանում ստուգվեցին զենքի խողովակի փաթեթավորված կնիքները և համեմատվեցին համարները, սակայն դատարական կարգադրիչները դժվարացան այն բացել: Կարգադրիչներին օգնություն առաջարկեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը՝  կատակով նրանց ասելով. «Ապեր, մի քիչ ժիտկոստ լցրեք»: 

Գործով մյուս  ամբաստանյալ Սամվել Բաբայանն էլ հավելեց, որ դահլիճ բերված «Իգլա»-ն իրենից վտանգ չի ներկայացնում, որովհետև մարտկոց չունի. «Սա զինամթերք չի կարող կոչվել, չկա մարտկոցը, որը հաղորդում է էլեկտրականությունը: Նման պայմաններում պուսկավոյ մեխանիզմը բերենք միացնենք, դա չի կրակի: Սա հիմա տրուբա ա, հրթիռ ասվածը պիտի դուրս գա սրա միջից, էլեկտրականությունը հաղորդվի պուսկավոյ մեխանիզմով: Սրան հիմա չաքուջով խփեն, կրակի վրա դնեն՝ չի պայթի, նույնն ա, թե նռնակ լինի՝ չեկան չլինի: Սա միայն բնամթերք է, ոչ թե զինամթերք»:

Հավելենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերելու, փոխադրելու և ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր պահելու համար: Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: