Ընդդիմադիր դաշտի անգործությանը բազմիցս ադրադարձել ենք, և այս իրավիճակը փրկելու համար արդեն փորձում են օգնության հասնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ուժերը։ Ժիրայր Սեֆիլյանը վերջերս հանդես եկավ մեկ միասնական ընդդիմադիր ճակատի ստեղծման գաղափարով, ինչը լայն քննարկումների առիթ դարձավ։

Անհնազանդության կոչերը ընդդիմադիր բեևեռում, տրամաբանական է, որ պետք է առաջացնեին ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի հետաքրքրությունը, սակայն Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես բոլորը, կորցրել է վստահությունը ընդդիմադիրների նկատմամբ և կոչերը հասցեագրել կոնկրետ քաղաքական գործիչների։  Նախկինում հնչեցված կոչերում չէր նշվում մինչև անգամ զինված պայքարի մասին, սակայն այս անգամ նրա շուրջ համախմբված մի շարք քաղաքական գործիչներ չեն պատրաստվում զերծ մնալ  նման հայտարարություններից։ Եթե իրադարձությունների ընթացքը հակառակ բան ցույց չտար, ապա կկարծեինք, որ ուր որ է՝ կարող է կազմվել Ժիրայր Սեֆիլյանի և իր ընկերների երազած ընդդիմադիր ճակատը։ Սակայն չնայած նրան, որ նախաձեռնող խումբը հասցեական նշել էր հնարավոր գաղափարակիցների անունները, միևնույնն է, մեր ընդդիմադիրները շարունակում են գտնվել անտարբերություն բարձրունքում։ Եվ հատկանշական է, որ խոսքը չի վերաբերվում խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ պատգամավորական մանդատի տեր դարձած ընդդիմադիրները, բացառվում է, որ արձագանքեն նման նախաձեռնություններին, չէ՞ որ ի տարբերություն քաղբանտարկյալների և փողոցում պայքարող հասարակական զանգվածների, իրենք կորցնելու բան ունեն։

Վերոբերյալը չէինք նշի, եթե Ժիրայր Սեֆիլյանի կոչի հասցեատերերի շարքում չլիներ Նիկոլ Փաշինյանի անունը։ Չենք կարող պահանջել  թեկուզ արտախորհրդարանական ուժերից այս գաղափարի իրականացումը, սակայն չենք էլ կարող դրական որակել նրանց անտարբերությունն այս հարցի շուրջ։ Ժիրայր Սեֆիլյանը  գործողությունների ոչ մի հստակ պլան չի առաջարկել, սակայն դա ավելի շատ ոչ թե դժվարացնում է մոբիլիզացիայի գործընթացն, այլ հակառակը՝ ավելի է հեշտացնում՝ քննարկումների պատրաստակամության առումով։ Սա էլ այն պարագայում, երբ չկա որևէ նախընտրական գործընթաց և ընտրական ցուցակների հետ կապված ենթադրյալ անհամաձայնություններ չեն կարող լինել. պայքարը լինելու էր ժողովրդական, և եթե այն հաջողություն գրանցեր, նոր կարելի էր մտածել թղթաբանության մասին։ Միգուցե հենց այս հանգամանքն է մեր արտախորհրդարանական ուժերին ետ պահում դրական կամ բացասական արձագանքներից։ 

Ընդդիմադիրները ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենք մարել են։ Քաղաքական հիասթափությունները սպառել էն մեր ընդդիմադիրների գաղափարներն ու եռանդը, և նման պարագայում հայ հասարակությունը ուղղակի չգիտի՝ ում վրա կարելի է հույս դնել։ Մարդիկ ձանձրացել են նույն գործիչների կողմից դերերի փոփոխումից, և նման նախաձեռնությունները ավելի մեծ զանգվածներ կարող են ընդգրկել, եթե նոր ու երիտասարդ քաղաքական դերակատարներ դաշտ դուրս գան, ինչի կարիքը մեր ժողովուրդը զգում է։

Վաչիկ Գրիգորյան