ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին: «Գործող քաղաքական էլիտայի շրջանակում այդ ֆունկցիան, այդ պատասխանատվությունը կարող է կրել Սերժ Սարգսյանը»,- կարծիք հայտնեց Հարությունյանը՝ շարունակելով. «Կարեն Կարապետյանը դեռ պատրաստ չէ այդ ծավալի բեռ իր ուսերի վրա վերցնելու: Դա բավականին լուրջ, ծանր պատասխանատվություն է, կարծում եմ՝ ժամանակ է պետք դրա համար»:

Ստացվում է, որ Խոսրով Հարությունյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար անպատրաստ է համարում մի մարդու, որն արդեն իսկ մեկ տարուց ավելի զբաղեցնում է Հայաստանի վարչապետի աթոռը, ավելին՝ ոչ միայն կրում է այդ բեռն իր ողջ ծանրությամբ, այլև նույնիսկ ընտրությունների բեռն էր իր վրա վերցրել, ինչի հաշվին, ի դեպ, պատգամավորի մանդատ վաստակեց նաև հենց ինքը՝ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը:  Հիմա նույն Հարությունյանի կողմից անպատրաստ է որակվում մի մարդ, ով ստացել է իշխանական կոալիցիայի աջակցությունն ու վստահությունը:

Մյուս կողմից՝ ակնհայտ է դառնում, որ Խոսրով Հարությունյանի համար քաղաքական էլիտայի մեջ մտնում են քաղաքական դաշտի քիչ թե շատ ազդեցիկ խաղացողները: Իսկ ծանր բեռ ասելով, նա նկատի ունի այդ բոլոր խաղացողների ախորժակը բավարարելը, ինչը, համաձայնեք՝ ձևավորված համակարգի պայմաններում իրոք դժվարին խնդիր է: Այդ խաղացողների համար, որոնց թվին կարելի է դասել և՛ Գագիկ Ծառուկյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՀՀԿ-ում տեղ գտած մանր կուսակցություններին՝ Սերժ Սարգսյանը յուրային է, նրանք ընդունել են նախագահի թելադրած խաղի կանոնները, և այժմ ցանկացած փոփոխություն նրանց համար ռիսկային է, քանի որ ինքնաբերաբար կարող են փոփոխվել նաև այդ կանոնները: Այս էլիտան պատրաստակամություն չի հայտնում նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, և լուրջ վերապահումներով է վերաբերվում Կարեն Կարապետյանի հնարավոր վարչապետությանը, քանի որ վերջինիս գործողությունները շատ ավելի դժվար կանխատեսելի են լինելու նրանց համար:

Ստելլա Խաչատրյան