ԵԼՔ դաշինքն  ընթացիկ ԱԺ  նստաշրջանը  չսկսված, արդեն  տապալեց այն՝ իր աբսուրդի հասնող նախաձեռնությամբ։ ԵԼՔ դաշինքի խորհրդարանական գործունեությունը, անխոս, չի տպավորում հանրությանն ու չի արդարացնում սպասելիքները։ Իհարկե, ադեկվատ չի լինի նոր քաղաքական դաշինքի գործունեությանը վերջնական գնահատական տալ 1 ամսվա գործունեության արդյունքում, սակայն, երբ ակնհայտ են դաշինքի ներսում անհամաձայնությունները, ապա դա արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս իրենց իսկ էլեկտորատի մոտ։

ԵԼՔ-ում անհամաձայնությունների մասին ի սկզբանե լուրեր էին շրջանառվում, մամուլում, սակայն, դրանք բամբասանքի բնույթ էին կրում և խելամիտ չէր լինի հիմնվել դրանց վրա, առավել ևս՝ վերլուծել։ Սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների՝ ԵԼՔ-ի երեք առաջնորդները գրեթե ոչ մի անգամ ամբողջ կազմով չեն մասնակցել, ամենավերջինը ՊՆ-ում Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումն էր, որին երեքից միայն Նիկոլ Փաշինյանը ներկա չէր։ Լրագրողներին հաջողվեց ԵԼՔ-ի ներկայացուցիչներից պարզել, թե որն է պատճառը, վերջ ի վերջո՝ կա՞ն կոնֆլիկտներ, թե՝ ոչ։ Իհարկե, ԵԼՔ-ի ներկայացուցիչները պնդեցին, որ ամեն ինչ իր հունով գնում է և ոչ մի խնդիր չկա դաշինքի ներսում, սակայն, միևնույն ժամանակ, պարզ դարձան մի շարք հետաքրքրաշարժ անհամաձայնություններ։ Օրինալ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ կուսակցություն դառնալու առաջարկին Էդմոն Մարուքյանը կտրականապես դեմ է։ Եվ սա շատ լուրջ խնդիր է, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժը չի կողմնորոշվում՝ ինչ ձևաչափով հանդես գալ։

Բացի ձևաչափից, ԵԼՔ-ում նույնիսկ իմիջի խնդիր չեն կարողանում լուծել, վերջ ի վերջո՝ իրենք փողոցային պայքարի պատրաստ քաղաքական ո՞ւժ են, թե՞ ոչ։ Իսկ եթե չունես քաղաքական իմիջ, ուրեմն չունես նաև քաղաքական գործելաոճ։ Այս դաշինքում դժվար թե կարողանան ընդհանուր հայտարարի գալ փողոց դուրս գալու առումով, քանի որ երեք առաջնորդներից միայն Արամ Սարգսյանն է, ում մոտ հաջող է ստացվում դա, իսկ Նիկոլ Փաշինյանն, իր բոլոր փորձերը՝ փողոց դուրս գալու, ձախողել է՝ 2008թ.-ի չարաբաստիկ մարտից մինչև Սասնա ծռեր։ Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանին, ապա նրա տեղը գրասենյակն է, ու ոչ ոք նրան չի տեսնում ակտիվ լիդերի կերպարում։ Այնպես որ,  ԵԼՔ-ը ավելի լավ է՝ իրեն արդարացնի խորհրդարանում, այլապես՝ հաջորդ ընտրություններին այդպիսի հնարավորություն դժվար թե ունենա։

Նման պայմաններում, պետք է սպասել-տեսնել, թե ինչ օրակարգ է առաջարկելու ԵԼՔ-ը, սակայն մի բան հաստատ է. նախ հարկավոր է ներքին հարցերը կարգավորել, այլապես՝ նման գործելաոճը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, մշտապես ժողովրդին սպասեցնելով՝ հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, պետք են կտրուկ գործողություններ, որին այսօրվա ԵԼՔ-ը ուղղակի պատրաստ չէ։

Վաչիկ Գրիգորյան