ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առանց վատ զգալու և նույնիսկ թեթև ժպիտի ուղեկցությամբ՝ նա լրագրողներին տեղեկացրեց, որ «կունենանք արտաքին պարտքի ավելացում՝ շուրջ 400 մլն դոլարով: Ներքին պարտքի ավելացումն էլ կկազմի 30 մլն դոլար»: Եվ սա այն դեպքում, որ անցած տարեվերջին ՀՀ պետական պարտքն արդեն կազմել էր 5.9 մլրդ դոլար, իսկ արտաքինը՝ 4.8 մլրդ դոլար:
 
Ֆինանսների նախարարի աչքալուսանքը, սակայն, այսքանով չսահմանափակվեց: «Մենք իրականում մի քանի մոդելներով և մեզ մոտ առկա գործիքակազմով վարժություններ՝ իրականացրել ենք: Նաև մեր մասնագիտական գործիքակազմերը ցույց են տալիս, որ բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս տնտեսական աճից բարձր ցուցանիշ ենք ունենալու, ակնկալվում է, որ տարվա վերջում կունենանք 4,3 տոկոս իրական տնտեսական աճ»,- նշեց նախարարը: Թե այդ ո՞ր գործիքակազմն է, որ պետք է նման հրաշքներ գործի՝ նախարարը չպարզաբանեց. Հաշվի առնելով նախկինում արձանագրած դառը փորձը՝ ֆինանսների նախարարության միակ և ամենավստահելի գործիքակազմը շարունակում է մնալ վարկեր վերցնելը: Այդ է պատճառը, որ Արամյանն այդքան երջանիկ է և վստահ 4,3 տոկոս տնտեսական աճի վրա: Որևէ նախադրյալ նման շռնդալից վերելքի համար մեր տնտեսությունում չի երևում: Բայց Ֆինանսների նախարարությունում արդեն գտել են ելքը. պարտքն ավելացնելու միջոցով կապահովեն տնտեսական աճ, այնուհետև ասուլիսների ժամանակ գլուխ կգովեն արձանագրած ցուցանիշներով:Թե տարիներ անց հաջորդ սերունդը ինչպես է փակելու Արամյանի և մյուսների վերցրած պարտքերը՝ նրանց այնքան էլ չի հուզում: Մեր իշխանությունները շարունակում են առաջնորդվել «մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով:
 
 
Ստելլա Խաչատրյան