ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կուբայի արտաքին գործերի նախարար Էդուարդո Ռոդրիգես Պարիլիայի հետ եւ խիստ ձեւով պահանջել է կղզում ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը՝ լսողության կորստի հետ կապված միջադեպերից հետո: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը: «Պետքարտուղարը հասկանալ է տվել, թե որքան լուրջ է իրավիճակը, եւ ընդգծել, որ Կուբայի իշխանությունները պարտավոր են պաշտպանել դեսպանության անձնակազմին եւ նրանց ընտանիքները՝ Վիեննայի կոնվենցիային համապատասխան»,- ասված է Նաուերթի հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտի վերջին տվյալներով՝ առնվազն 21 դիվանագետներ լսողության, հիշողության, ուշադրության խանգարումներ, ինչպես նաեւ այլ ախտանիշներ են ստացել չպարզված դիստանցիոն ներգործության հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: