«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ դարպասների դիմաց: Նրանք պահանջում են, որ իրենց կողմից բարձրացված հարցերը պատգամավորների կողմից կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ուղղվի նաև վարչապետ Կարեն Կարապետյանին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենց պահանջն է՝ պատասխանել հետևյալ հարցերին. «Որքա՞ն է գործարանի պարտքն այժմ և ի՞նչ կառուցվածք ունի այն, քանի՞ աճուրդ է անցկացվել մինչ օրս, ի՞նչ գույք է վաճառվել՝ ի՞նչ գնով, ո՞ւմ են վճարվել վաճառքից ստացված գումարները, ե՞րբ և ի՞նչ գնով է ժամանակին «Նաիրիտը» գնել այդ գույքը, ի՞նչ բանակցություններ են ընթացել և ի՞նչ համաձայնագրեր, պայմանագրեր կամ այլ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել «ԵՄ-Ասիա ֆինանսական բիզնես կենտրոն»-ի հետ: ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում քրեական գործ՝ կապված 2008 թվականին գործարանում կատարված ֆինանսական գործարքների հետ, որը հարուցվել է աշխատակիցների հաղորդման հիման վրա: Մենք պահանջում են տրամադրել տեղեկություն քրեական գործի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա: 

Ցույցի մասնակիցներից Անահիտ Մանուկյանն էլ նշեց, որ իրենք ուզում են, որ ԱԺ-ում պատգամավորների միջոցով հարց բարձրացվի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար:

«Ներդնողը պահանջում է համաձայնագիր ստորագրել, որպեսզի աուդիտ անցկացնի գործարանում, բայց կառավարությունը համաձայնագիր չի ստորագրում: Մենք բոլոր պատգամավորներին դիմել ենք, ուզում ենք, որ չօտարեն «Նաիրիտ» գործարանի գույքը, քննչական մարմիններում դիմում ենք գրել, բայց գործից տեղեկություն չկա, ուզում ենք նաև դրա պատասխանն իմանալ»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը:

Սոնա Հարությունյան