Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգեց Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումը: Հանձնաժողովը հարցի քննարկումը հետաձգելու որոշում կայացրեց, քանի որ քննարկմանը չէր ներկայացել հայտարարության նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ սկսում են Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցի քննարկումը՝ նախագիծը ներկայացնելու համար հրավիրելով հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանին, սակայն վերջինս դահլիճում չէր:
Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հիմնական զեկուցողի բացակայության պայմաններում Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս հարցի քննարկումը մինչև երկու ամսով հետաձգել: «Մենք մինչև երկու ամսով հետաձգում ենք այս հարցի քննարկումը»,- ընդգծեց Աշոտյանը:

 


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու Էդմոն Մարուքյանը չէր ներկայացրել իր հեղինակած հայտարարության նախագծի քննարկմանը: