ՀՀ իշխանությունների կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը փաստ է, որի հետ հայ հանրությունը վաղուց, կարծես, ընտելացել է։ Հետընտրական շրջանում մեծ աղմուկ բարձրացրած՝ տնօրենների կողմից քարոզչական ավանդական մեխանիզմների կիրառումը դրա վառ ապացույցն էր։

Ապացույցներ շատ կան, սակայն հենց այս աղմկահարույց իրադարձությունը նշեցինք, քանի որ հանրապետական տնօրենները չեն դադարում իրեն անձնուրաց նվիրվածությունը մատուցել գործատու կուսակցությանը։  Մեղրիի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենը՝ Մերի Հակոբյանը, հենց ուսուցչանոցում ՀՀԿ նիստ է հրավիրել, որի ժամանակ անդամատոմսեր է բաժանել ուսուցիչներին, ինչը օրենքի խախտում է, քանի որ օրենքով արգելվում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեությունն ու քարոզը։ Դպրոցի տնօրենների նման գործելաոճը խոչընդոտում է ինքնուրույն քաղաքական կողմորոշում ունենալու՝ բնական իրավունքը։ Սա կոչվում է ադմինիստրատիվ  ռեսուրսի չարաշահում։ Մեր իշխանությունները, հասկանալով խնդրի լրջությունը` աչք են փակում։ Կարող ենք հստակ ասել, որ դրա համար 2 պատճառ կարող է լինել. կամ ամենաթողությունը Հայաստանում անցել է բոլոր սահմանները,  կամ էլ իշխանություններն իրենք են հավանություն տվել. վերջ ի վերջո՝ այս ամենը հօգուտ իրենց է։ Չի բացառվում  նաև, որ տնօրեններն ինքնագործունեությամբ են զբաաղված, ու ամեն ինչ անում են իշխանության կողմից գնահատված լինելու համար։ Ինչպես երևում է՝ ՀՀԿ-ն հենց այս նշաձողն է սահմանել։

Տնօրենների կողմից իրականացվող քաղաքականությունն անդրադառնում է, ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների վրա։ Նման կարգով փոքրիկ հանրապետականների պատրաստումը չի ապահովի առողջ սերնդափոխություն: Այս ամենի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունը գնալով հեռանում է քաղաքացիական հասարակություն ունենալու գաղափարից։

Վաչիկ Գրիգորյան