Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին նախագահական նստավայրում կհյուրընկալի աշխատանքային այցով Անկարա մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում 2 նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները:

Տարածաշրջանային խնդիրներից բացի կարևոր թեմաների շարքում է լինելու Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ 2 երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից գնելու է 4 միավոր S-400 համակարգ: Դրանցից առաջին 2-ը Թուրքիային կմատակարարվի 2019-ին, իսկ մյուս 2-ը Թուրքիան և Ռուսաստանը կարտադրեն համատեղ:

Նախագահների հանդիպման օրակարգում լինելու է նաև «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու ատոմակայանի» կառուցման հետ կապված հարցեր:

Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը կայացել է 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Գերմանիայում տեղի ունեցած մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում: Մոտ 1 ժամ տևած հանդիպմանը նախագահները քննարկել էին Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: