ԵՏՄ-ի դուրս գալու՝ երկար սպասված նախագիծը երեկ ներկայացվեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, սակայն միակ հարցը, որ պատասխան ստացավ՝ առանձին հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք» խմբակցության առաջարկն էր, այն էլ, գրեթե միաձայն, մերժվեց։ Իսկ բուն նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով, քանի որ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ներկա չէր քննարկմանը, ինչը չափից ավել տարօրինակ է։ Հարցին, թե ինչու ներկա չի գտնվել հիմնական զեկուցողը, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց, թողնելով այդ հարցի պատասխանը մեզ։

Միամտություն կլինի կարծել, որ «Ելք» խմբակցությունում ԱԺ կանոնակարգ օրենքից տեղյակ չեն և հստակ կարող ենք ասել, որ նման զարգացում միանշանակ պետք է ակնկալեին ընդդիմադիրները։ Կանխատեսելով, որ երկու ամսով կհետաձգվի նախագծի քննարկումը, Էդմոն Մարուքյանն ամեն դեպքում ներկա չգտնվեց քննարկմանը, ինչը հասկանալու համար ունենք երկու վարկած։ Վերջերս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Ելք»-ում կան լուրջ կոնֆլիկտներ՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև, և նույնիսկ նման իրավիճակում՝  նրանք միասին հանդես չեն գալիս։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չարդարացրեց գործընկերոջ բացակայությունը, չնայած՝  կարող էր դա անել՝ անգամ եթե իրականությունն այլ է։ Այս վարկածի տրամաբանությամբ  եթե շարժվենք, ապա ստացվում է, որ ոչ այնքան վաղ անցյալում միավորված քաղաքական գործիչները սպառել են իրենց համատեղ գործունեության պոտենցիալը։  Բանը հասել է նրան, որ անգամ չեն էլ փորձում գոնե հանրության աչքին արդարացնել միմյանց։ Սակայն որպեսզի չկենտրոնանանք «Ելք»-ում միջանձնային հարաբերությունների վրա և դրանք հիմք չվերցնենք, պետք է վերլուծենք մյուս վարկածը։

Անգամ եթե խմբակցությունում ամեն ինչ իր հունով է ընթանում, «Ելք»-ն ինչո՞ւ գնաց այդ քայլին, արդյո՞ք «Ելք»-ի շահերից է բխում այն, որ իրենց առաջարկած նախագիծը մնա օդի մեջ. իհա՛րկե ոչ, բայց դա կարող է բխել մեր երկրի շահերից։ Երկարացնելով նման գործընթացները՝ մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ աշխարհին և մեր ռազմավարական դաշնակցին կարող ենք ցույց տալ, որ ներքաղաքական հարթությունում արտաքին կողմնորոշման հարցում այնքան էլ կոնսենսուս չէ և մենք պայքարում ենք դրա դեմ՝ հանուն ընդհանուր շահերի։

«Ելք»-ՀՀԿ համագործակցությունը, որը միտված է պետական շահին, քննադատության ենթակա չէ։

Վաչիկ Գրիգորյան