Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին օրերս ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը: Հիշեցնենք, որ Սվիտալսկին հայտարարել էր՝ Հայաստանը պետք է չսպասի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին եւ, այսպես ասած՝ առաջ ընկնի, սկսելով բարեփոխումների «տնային առաջադրանքը»: Ահա այս խոսքերին այսօր արձագանքել է Կարեն Նազարյանը, ասելով, որ վիզաների ազատականացման երկխոսությունը լուրջ բարեփոխումներով պայմանավորված գործընթաց է, և եթե հենց դա է ի նկատի առնվում «ներքին նախապատրաստական աշխատանքներ» կամ «տնային աշխատանք» ասելիս, ապա այն վաղուց է սկսվել Հայաստանում, և դրա մասին քաջատեղյակ է ԵՄ կողմը և ոչ միայն։
 
Վերջին ամիսների ընթացքում սա Հայաստան-ԵՄ թվով երկրորդ փոխհրաձգությունն է: Թեև Նազարյանի պատասխանն իր կոշտությամբ զիջում է Դավիթ Հարությունյանին, սակայն մեսիջները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է հասցնել Բրյուսելին՝ նույնն են: Միայն թե այս անգամ Հայաստանը ցանկանում է ոչ թե արդարանալ, այլ օգտագործելով ԵՄ հետ անհասկացվածության երկրորդ ալիքը՝ հնարավորության դեպքում պարարտ հող ստեղծել հետագայում մանևրելու համար: Իսկ մանևրելու առիթ ՀՀ իշխանությունները կարող են ունենալ արդեն այս տարվա նոյեմբերին, երբ նախատեսվում է ստորագրել ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը: Գուցե հենց այդ ժամանակ են ՀՀ իշխանությունները պատրաստվում ԵՄ-ին մեղադրել տնային աշխատանքը թերի կատարելու և ստորագրության հետաձգման հնարավոր տարբերակի դեպքում պատասխանատվությունը ԵՄ վրա դնելու համար: Եթե դա այդպես է, ապա կարող ենք փաստել՝ ՀՀ-ն կկորցնի եվրոպայի մաս դառնալու իր վերջին հնարավորությունը, քանի որ առնվազն այս իշխանությունները սպառած կլինեն վստահության ողջ ռեսուրսը…
 
 
Ստելլա Խաչատրյան