Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, ամփոփելով կառավարության գործունեությունը, հայտարարել էր, որ Հայաստանն արտաքին պարտքի շնորհիվ ֆինանսական հոսքերի խնդիրը լուծելու մոտեցումից անցնում է ներքին պարտքի շեշտադրմանը: Շատերը կասեն՝ կառավարությունը այլ ելք չունի: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու և բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար կառավարությունը մտադիր է 300 մլն դոլարով ավելացնել երկրի պետական պարտքը։ Այսպիսով, ՀՀ արտաքին պարտքը հաջորդ տարի կհատի 7 մլրդ դոլարի շեմը` կազմելով ՀՆԱ–ի 60%-ը։ Իսկ ի՞նչ է ենթադրում ներքին պարտքի շեշտադրումը, սա նշանակում է հույսը դնել ներքին փողերի վրա: Սա էլ իր հերթին ենթադրում է պետական պարտատոմսերի թողարկում, որոնք կգնեն Հայաստանի Հանրապետության գնողունակ քաղաքացիները:

Գնողունակ քաղաքացիների մասով մեր երկրում որևէ մեկի մոտ երկու կարծիք լինել չի կարող՝ դրանք այն մարդիկ են ովքեր կանգնած են իշխանության կերակրամանի մոտ, դրանք այն մարդիկ են ովքեր դարձել են ներկայիս քաքաղաքական-տնտեսական համակարգի դեմքը, անբաժան բաղադրիչը: Դա նորություն չէ, անկախությունից ի վեր ձևավորված համակարգի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բիզնեսը և քաղաքականությունը սերտաճած են, իսկ քաղաքական իշխանության ձեռքբերման և պահպանման հիմքն ու երաշխիքը հենց խոշոր կապիտալն է: Պայքարը իշխանության և կապիտալի վերաբաշխման համար ընդամենը տարբեր քրեաօլիգարխիկ բևեռների պայքարն է, որից հասարակ քաղաքացին ոչինչ չի կարող շահել: Որևէ մեկի մտքով չի անցել, թե ինչու են Հայաստանում այդքան ձգձգվում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը Հայաստանում: Որովհետև, մեր իրականությունում, դա նշանակում է մնացյալ գոտիների «անազատության» լեգիտիմացում: Ձեւավորվելիք, կամ քննարկվելիք ազատ տնտեսական գոտիների գաղափարներով փաստացի օրակարգից, հանրային ենթագիտակցության կամ անգամ գիտակցության մակարդակով դուրս է բերվում ընդհանրապես Հայաստանի տնտեսության ազատության եւ ազատականության հարցը: Իսկ դա նշանակում է այդ տնտեսությունը յուրացրած քրեա-օլիգարխիկ մի քանի բեւեռների գործունեության լեգիտիմացման նոր շերտ:

Պատկերացրեք մի քանի տարի անց, պետությունը պարտք է լինելու ոչ թե ասենք՝ միաջազգային զարգացման բանկին, այլ քրեաօլիգարխիային: Ինչպես ասում են՝ պարտքը մի բանով փակել է պետք, ինչո՞վ եթե ոչ իշխանական լծակներով: Իսկ սա ենթադրում է, որ մենք շարունակելու ենք գերի մնալ ձևավորված համակարգից, որը ի դեպ բարեփոխվելու ոչ մի միտում չի դրսևորում, այս համակարգին լիովին ձեռք է տալիս ստատուս-քվոն, ցանկացած փոփոխություն ռիսկ է առաջին հերթին հենց կապիտալի համար: Հետևաբար՝ քրեաօլիգարխիան չի պահանջելու բարեփոխումներ, կամ միջազգային կառույցների օրինակով կեղծված ընտրություններից հետո իշխանություններին չի կշտամբելու, ինչը համաձայնեք նույն այդ իշխանությունների համար անչափ հարմար է: Այսպես համակարգում կպահապանվի ներքին կոնսենսուսը, բոլորը գոհ կմնան՝ բացի ժողովրդից:

 

Ստելլա Խաչատրյան