ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախացումը, ինչը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչումը զուտ ժամանակի խնդիր է:

Նա նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի  ընթացքում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ունեցած հանդիպումների ընթացքը․ «Քննարկվել են համահայկական օրակարգային հարցերը, ինչպիսին Արցախի միջազգային ճանաչումն է, Ցեղասպանության ճանաչումն ու դաստապարտումը մի օրակարգ է, որտեղ մենք որեւէ հետքայլ չենք կատարելու»,- ասաց Շարմազանովը։

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին պարոն նախագահի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ընթացքում  նախագահը հստակ շեշտեց, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի ներկայում, այսինքն՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի անկախությանն այլընտրանք չկա:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ  ՀՀ հարաբերությունների մասին հայտարարությանը և շեշտեց, թե ՄԱԿ-ի բարձր ամբիոնից նախագահի կողմից հայտարարվեց, որ ՀՀ-ի հետ չի կարելի խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով:

Խոսելով Թուրքիայի ՊՆ նախարարի հայտարարությունների մասին՝ նա նշել է. «Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ անելիք չունի արցախյան հիմնահարցում։ Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականություն ապրիլյան պատերազմի ժամանակ»,- ասել է Շարմազանովը։