Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Վիտալի Վանեսյանը, վարելով «ՄԱԶ 54 323» մակնիշի 68 ՏՍ 394 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայում նրա ավտոմեքենային կցված թամբով քարշակի վրայից բետոնե պանելները թափվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար այդ պահին նշված հատվածով տրանսպորտային միջոցներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում հնարավոր էր պանելներն ընկնեին ավտոմեքենաների վրա:

Նշված հատվածում գրեթե մեկ ժամ երթևեկությունը կաթվածահար էր եղել և միայն մեկ ժամ անց՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների ժամանումից հետո, երթևեկությունը մասամբ կարգավորվեց: Դեպքի վայր է հրավիրվել Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը: