Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները համարվում են մահացության հիմնական պատճառներից մեկը: Ինչպես նշեց Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը, Հայաստանում մահացության ցուցանիշի կառուցվածքում կեսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին:

«Այս հիվանդությունների մեջ առավել վատ ելք են ունենում սրտամկանի ինֆարկտը և ինսուլտը: Այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային կանխարգելմանը: Վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, մասնավորապես, իրականացվում է ծխելու դեմ պայքար, դրանից բացի, պոլիկլինիկաներին հնարավորություն է տրվում անվճար հետազոտություն կատարել հիվանդների մոտ ռիսկի գործոնների առկայության դեպքում: Կարծում եմ, որ բավարար չեն այդ միջոցառումները և Հայաստանում դեռ ցածր է մնում առողջապահական մշակույթը: Քաղաքացիներից շատերը սրտի խնդիրների նկատմամբ պակաս ուշադիր են»,-ասաց  Համլետ Հայրապետյանը: 

Նա կարևորեց պետության կողմից իրականացվող սրտի ստենտավորման ծրագիրը, որի շրջանակում տարեկան 1500 մարդ ստենտավորվում է: Ըստ մասնագետի` արդյունքները բավական տպավորիչ են, հիվանդանոցային մահացության մակարդակը համադրելի է եվրոպական ցուցանիշներին: Համլետ Հայրապետյանի խոսքով, ցավոք, հետհիվանդանոցային շրջանում ոչ բոլորն են շարունակում հետևել բժիշկների ցուցումներին, բժիշկների կատարած աշխատանքը չի հասնում հեռագնա նպատակներին: Հիվանդների որոշ մասի մոտ լինում է հիվանդության կրկնություն հենց դեղորայքային բուժման ընդհատման պատճառով:

Համլետ Հայրապետյանը նշեց, որ հանրապետությունում տարեկան 5-10 հազար սրտամկանի ինֆարկտ է գրանցվում:

«Կանանց շրջանում դա ավելի պակաս է հանդիպում: Պետք է ասեմ, որ սրտի իշեմիկ հիվանդությունը և սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են: Դա կապված է մի քանի հանգամանքի հետ:  Նախ՝ այս փուլում հիվանդության խնդրի առաջ է կանգնում 90-ական թվականների սերունդը, դրանից բացի, երիտասարդների մոտ հաճախացել են դեպքերը, երբ նրանք օգտագործում են թմրանյութեր: Բացառիկ երևույթ չէ 25-30 տարեկան երիտասարդի մոտ սրտամկանի ինֆարկտը, երբ օգտագործում է թմրանյութ»,-ասաց սրտաբանը:

Ինչ վերաբերում է ընդհանուր պատճառներին, ապա սրտաբանը նշեց, որ տարբեր են` ժառանգականությունը, ավելորդ քաշը, սխալ ապրելակերպը, արյան բարձր խոլեստերինը, ծխելը: