Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ: Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը: Չնայած օրենքի առկա­յությանը, կառավարությունը որո­շել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծա­վալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով: Ամենաէականը, թերևս, երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է: Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար:
 
Վերջին շրջանում նախագահ Սերժ Սարգսյանը անչափ մեծ ուշադրություն է դարձնում Անվտանգության Խորհրդին, պարբերաբար նիստեր է հրավիրում և ինքն էլ վարում, թերևս դրանով հանրությանը պատրաստելով իշխանության նոր բևեռի ձևավորմանը: Սա լինելու է Սերժ Սարգսյանի նոր «ուղղահայացը» իշխանության մեջ, իշխանության իրական թիվ մեկ մարմինը, չնայած նրան, որ դե–յուրե՝ երկրի թիվ մեկ դեմքը լինելու է վարչապետը: Այն, որ Սերժ Սարգսյանը առանձնապես մեծ ցանկություն չի ունենա դուրս գալ այս կառավարության գրանցած «ձեռքբերումների» տակից՝ փաստ է, չէ՞ որ նոր վարչապետին չես նախանձի. արտաքին պարտքը կհատի 7 միլիարդը, իսկ ներդրումները դժվար թե գտնեն Հայաստանի ճանապարհը: Սերժ Սարգսյանի նպատակն է այնպես ցրել ապակենտրոնացվելու կարևորագույն լիազորություններն ու իրավասությունները, որ անորոշ լինի, թե ընդհանրապես որտեղ է կամ որն է Հայաստանի իշխանությունը: Այս պարագայում նա շատ հանգիստ կկարողանա զոհել հերթական վարչապետին և ջրից չոր դուրս գալ՝ գորշ կարդինալի կամ համազգային լիդերի կերպարով ղեկավարելով հենց իր համար ստեղծված «վերպետական» լիազորություններով օժտված կառույցը:
 
 
Ստելլա Խաչատրյան