Անցյալ ամիս Երեւանի ավագանու խորհրդի կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկում է կայացել Երեւանի փողոցների անվանափոխության մասին։ Հանձնաժողովի ՀՀԿ–ական պատգամավորները միաձայն ասացին, որ դա այն հարցն է, որը պետք է անպայման լուծվի հանրաքվեի միջոցով, եւ ինչպես հիշում ենք ԵԼՔ խմբակցությանն առաջարկեցին հանրաքվե նախաձեռնել։ Բայց ի՞նչ ստացվեց...

Այժմ արդեն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթին: Դրա համաձայն՝ Երեւանում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը բացառապես տրվելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ/կամ առնվազն Երեւանի ավագանու խորհրդի անդամների 1/3-ին։ Այսինքն՝ Ավագանու անդամները հիմա 65-ն են։ Հանրաքվեի համար 22-23 անդամ պետք է կողմ լինեն: Սա ակնհայտ քաղաքական որոշում է, որը միտված է ընդդիմադիր ուժերին զրկելու հետագայում նման նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունից: Ընդիմադիր ուժերին որոշում կայացնելու լծակներից զրկելը տեղավորվում է իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ: Սակայն այս անգամ ՀՀԿ ստիպված էր գնալ նման քայլի, քանի որ առաջացել էր սեփական սխալը շտկելու անհրաժեշտություն, և եթե ենթադրենք, որ ՀՀԿ-ում նման «կիկսեր» հաճախ են պատահում, կարելի է ենթադրել, որ մի օր էլ, երկրի Սահմանադրությունը և օրենսդրական դաշտը կհարմարեցվի իշխող մեծամասնության քմահաճույքներին:

 

Ստելլա Խաչատրյան