Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու: Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, այս մասին Էրդողանը խոսել է օրենսդրական տարվա մեկնարկին մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ:

«Մեզ ամենաշատը հիասթափեցրած երկրների շարքը գլխավորում են Եվրամիության երկրները: Այս Եվրոպան վերածվել է մի վայրի, որտեղ ահաբեկիչներն ազատորեն շրջում են փողոցներով, Թուրքիայի օրինական իշխանությունների դեմ ամեն տեսակ միջոցառումներ են կազմակերպում»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, թե ԵՄ-ն սխալ է հասկացել 1959 թվականից ի վեր իրենց ցուցաբերած համբերությունը: «Ուզում եմ բացահայտ ասել հետևյալը. գործընթացն ավարտողը, դրանից հրաժարվողը մենք չենք լինելու: Բայց և այնպես, մենք արդեն չունենք Եվրամիությանն անդամակցության կարիքը»,- ասել է նա: