Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաև U-com-ի որոշ բաժնեմասեր: Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ U-com ընկերության բաժնեմասերի օտարման հարցն ընդգրկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում: Ըստ այդմ, «Տաշիր» ընկերության մաս կազմող «Ֆորա բանկ»-ը պատրաստվում է գնել U-com-ի բաժնետոմսերի 11.2 տոկոսը: Գաղտնիք չէ, որ հենց U-com ցանցից են օգտվում հայաստանյան մեդիադաշտի առաջատար ընկերությունները, որոնցից թերևս ամենանշանավորը Հայաստանում ոլորտի միանձնյա առաջատարը համարվող Panarmenian Media Group-ն է: Ի դեպ, ամիսներ առաջ մամուլը գրեց նաև «Տաշիր» ընկերության կողմից Panarmenian Media Group-ի գնման մասին:
 
U-com-ը և Panarmenian Media Group-ը փոխկապակցված ընկերություններ են և ամուր համագործակցության հիմքեր ունեն: Եթե Սամվել Կարապետյանը հետապնդեր միայն բիզնես նպատակներ, ապա նա լիովին կարող էր բավարարվել միայն U-com-ը ձեռք բերելով, ավելին՝ նա կարող էր Հայաստանում գտնել շատ ավելի շահավետ եկամտի աղբյուրներ՝ օրինակ՝ հանքաարդյունաբերությունը, սակայն Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի մեդիա դաշտը վերցնելու նպատակաուղված, այն վերահսկելուն միտված քայլ է անում, իսկ այդ քայլը պարունակում է ոչ միայն բիզնես, այլ նաև քաղաքական ազդակներ: Չպետք է մոռանալ, որ U-com-ն ինքնին՝ շահութաբեր ընկերություն է, բայց Panarmenian Media Group-ն է, որ ձևավորում է քաղաքական օրակարգ և կոնտենտ է արտադրում: Համաձայնեք, որ անտրամաբանական կլիներ, եթե Սամվել Կարապետյանը գներ միայն U-com-ը, առանց ձեռք բերելու առանցքային դեր խաղացող Panarmenian Media Group-ը: Ակնհայտ է, որ այս երկու ընկերությունների համասեփականատերերն ունեն փոխկապակցվածություն, դրանով է պայմանավորված, որ Panarmenian Media Group–ի հեռուստաալիքների փաթեթնը առկա է U com-ում, բայց, օրինակ՝ Rostelecom-ին այն չի տրամադրվում: Ինֆորմացիոն ժամանակաշրջանում մեդիադաշտ մուտք գործելը մեծահարուստ գործարարի առաջ նոր դռներ կբացի, և ոչ միայն բիզնեսի ոլորտում, որտեղ արդեն իսկ Կարապետյանն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, այլև քաղաքականության մեջ:
 
Սամվել Կարապետյանը նոր չէ, որ կարեւոր դերակատարում ունի Հայաստանի ներքին կյանքում: Նա բազմաթիվ թելերով կապված է Հայաստանի իշխանության տարբեր շրջանակներին, այդ թվում՝ օլիգարխիական, նաեւ Հայաստանի խոշոր ներդրողներից ու բարերարներից է: Սամվել Կարապետյանի գործոնն աշխուժացավ 2015 թվականի փետրվարին, երբ նա դարձավ Հայաստանում սրված ներիշխանական դիմակայության` իշխանության եւ ոչ իշխանական բեւեռի պայքարի հանգուցալուծման, Հովիկ Աբրահամյանի տանը կայացած Սարգսյան-Ծառուկյան «հաշտության» միջնորդ: Այժմ արդեն, Կարապետյանն ընկալվում է որպես նոր վարչապետի գլխավոր ներդրող-հովանավոր, որը հայաստանյան տնտեսության մեջ իր ներդրումներով ապահովելու է նոր վարչապետի տնտեսական հենքը: Կարապետյաններն իրենց գործնական հարաբերությունները, բիզնես շահերը, Հայաստանի իշխանության նկատմամբ անթաքույց հավակնությունները վերջերս ամրապնդեցին քավոր-սանիկական հարաբերություններով: Հայաստանյան իրականության և ավանդույթների համատեքստում դա ավելին է, քան հրապարակային քաղաքական հայտարարությունը, նույնիսկ` ներդրումները:Հետսովետական տարածքում օլիգարխները ձգտում են մտերմության բարձրաստիճան պաշտոնյաների, պետության առաջին դեմքերի հետ: Սամվել Կարապետյանը բացառություն չէ, ըստ այդմ` կարելի է եզրակացնել, որ լուծվել է նրա ընտանիքի նորաթուխ քավորի` Կարեն Կարապետյանի վարչապետության հարցը 2018-ի ապրիլից հետո: Եվ հիմա Սամվել Կարապետյանն ամրապնդում է իր և Կարեն Կարապետյանի դիրքերը՝ վերցնելով նաև Հայաստանի մեդիա դաշտը, ինչն, անկասկած, թույլ կտա վերահսկել քաղաքական օրակարգը: Այստեղից հետևություն, որ ապրիլից հետո Կարեն Կարապետյանի հեռանալու վերաբերյալ խոսակցությունները մտացածին բնույթ են կրում։ Ամենևին էլ պարտադիր չէ այս վերջին զարգացումները դիտարկել իբրև քայլ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի. չի բացառվում, որ այս պրոցեսը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի իմացությամբ, և խաղն ավելի խորքային է, քան շատերը կարող են ենթադրել։ Արդեն երևում է, որ այն բոլոր ուժերը և անհատները, ովքեր նպատակադրվել էին հարվածել Կարեն Կարապետյանի վարչապետական ամբիցիաներին՝ ապրիլից հետո բավականին ծանր վիճակում են հայտնվելու։ Կարապետյանն արդեն իսկ «ատամներ» է ցույց տալիս: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ծառուկյան» դաշինքից նրա հասցեին հնչող քննադատություններից հետո արդեն իսկ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ տոտալ ստուգումներ են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը փորձում է հանդես գալ ուժի դիրքերից, որպես հենարան ունենալով նաև Սամվել Կարապետյանի ֆինանսա-տնտեսական ներուժը, որը, ինչպես տեսնում ենք՝ օր-օրի աճում է: Կարապետյանը ցույց է տալիս՝ ինքը ոչ թե գործիք է, այլ քաղաքական դաշտի լիարժեք և ինքնուրույն խաղացող:
 

 

Վաչիկ Գրիգորյան