Monarch Airlines բրիտանական ավիաընկերության թռիչքների դադարեցումից այս կամ այն չափով կարող է տուժել ավելի քան 860 հազար մարդ: Հոկտեմբերի 2-ին այս գնահատականներն է ներկայացնում Sky News հեռուստաալիքը: Իր հաշվարկները նա անում է այն բանի հիման վրա, որ չեղարկվել են 300 հազար ամրագրումներ, որոնցից շատերը ներառում են մի քանի մարդու: Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի վարչության տեղեկատվությամբ, արտասահմանում են գտնվում Միացյալ Թագավարության՝ չափերով հինգերորդ ավիաընկերության 110 հազար ուղեւորներ:

Կառավարությունը հատուկ վարձված ինքնաթիռների օգնությամբ արդեն ձեռնամուխ է եղել տուժած բրիտանացիներին արտասահմանից հայրենիք վերադարձնելուն: Ընդամենը դրա համար տրամադրվել է 30 ինքնաթիռ: Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգն այս գործողությունը որակել է խաղաղ ժամանակ ամենաընդգրկունը երկրի պատմության մեջ:

Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հոկտեմբերի 2-ի գիշերը հայտնել է, որ ֆինանսական դժվարություններ կրող ընկերությունում սահմանվել է արտաքին կառավարում՝ ղեկավարությունը հանձնվել է KPMG աուդիտորական ընկերությանը: Ավիափոխադրողի բոլոր չվերթերը չեղարկվել են: Առանձին դեպքերում Իսպանիա հանգստանալու մեկնող ուղեւորներին թռիչքի չեղարկման մասին հայտնել են այն պահին, երբ նրանք արդեն սպասում էին չվերթի սկսվելուն:

Փորձագետները ավիափոխադրողի ֆինանսական կրախի պատճառը համարում են վերջին մեկուկես տարում բրիտանացիների շրջանում շատ մեծ ժողովրդականություն վայելող Թունիսի, Եգիպտոսի եւ Թուրքիայի առողջարաններ թռիչքների չեղարկումը ահաբեկչական գործողություններից ունեցած երկյուղների պատճառով: Արդյունքում ընկերությունն ստիպված եղավ կոշտ գնային պայքարի մեջ մտնել Իսպանիայի եւ Պորտուգալիայի շուկաների համար: Մյուս գործոնն անգլիական ֆունտ ստեռլինգի փոխարժեքի անկումն է 2016 թվականի հունիսին Brexit-ի շուրջ անցկացված հանրաքվեից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: