ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը: Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարարն ընդգծեց, որ իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ: Հարցին՝ արդյո՞ք իրատեսական է այդ թիվը՝ հաշվի առնելով ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը, Արտեմ Ասատրյանը նշեց, որ բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է. «Մենք պետք է հաշվի առնենք միգրացիոն հոսքերը: Դրանք հիմա աշխարհում բավականին ինտենսիվացել են: Այդ առումով՝ Հայաստանի Հանրապետության բնակչությունն ավելացնելու, ինչու ոչ՝ նախանշված ցուցանիշներին հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձ»,- նշեց նախարարը:
 
Այս ամենի մեջ, սակայն, հետաքրքիր է մեկ այլ փաստ. ինչպե՞ս է իշխանությունն իրագործելու այս խոստումները, մասնավորապես՝ բարելավելու ժողովրդագրական իրավիճակը՝ դադարեցնելու արտագաղթն ու բարձրացնելու ծնելիությունը, եթե բացահայտ հասկացնում է, որ առաջիկա 25 տարիներին չի լինելու իշխանության որեւէ փոփոխություն, եւ պետության ղեկը մնալու է ՀՀԿ-ի ձեռքին. մի կուսակցության, որն այս 20 տարիների ընթացքում միմիայն ձախողումներ է գրանցել: Այսքանից հետո շատ ավելի մեծ է վտանգը, որ պետությունից առանց այն էլ օտարված հասարակության մեջ հիասթափության եւ արտագաղթի նոր ալիք կբարձրանա: Հետաքրքիր են սերժսարգսյանական հաշվարկները. ինչպիսի՞ մաթեմատիկայից է օգտվում նախարարն այն դեպքում, երբ ներկա պահին էլ արտագաղթի միջին վիճակագրական ցուցանիշը տարեկան 30 հազարն է: Անգամ ՀՀ միգրացիոն պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց պաշտոնական տվյալները՝ հայտարարելով, որ ամեն տարի ՀՀ-ից հեռանում է 30.000 քաղաքացի:
 
Մեր իմացած մաթեմատիկայի հաշվարկներով՝ մինչեւ 2040թ.-ը, այսինքն՝ 25 տարի շարունակ տարեկան 30 հազար արտագաղթի դեպքում կունենանք եւս 750.000 արտագաղթող քաղաքացի: Ինչն էլ կնշանակի՝ 2040թ.-ին կունենանք ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող շուրջ 2 մլն քաղաքացի: Եվ, եթե անկեղծ, անհասկանալի է, թե ինչ վերլուծություն է արել սոցապ նախարարը, որ այդքան ոգևորիչ սպասումների մեջ է հայտնվել: Այնպիսի տպավորություն է, որ եթե Սերժ Սարգսյանը նշած լիներ ոչ թե 4 այլ 40 միլիոն թիվը, մեր պաշտոնյաները բաց-բաց աչքերով մեզ նույն ջանասիրությամբ կապացուցեին՝ «վերլուծել ենք, հնարավոր է»…
 
 
Ստելլա Խաչատրյան