Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ վարչությունում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի:  Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Սահմանապահ ուղեկալներից մեկում ահազանգ է ստացվել պետական սահմանի պաշտպանության ազդանշանային համակարգից: Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայողները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները: Դրանց արդյունքում ձերբակալվել են երկու մարդ, ովքեր փորելով ազդանշանային համակարգի տակ և հաղթահարելով ինժեներա-տեխնիկական շինությունները՝ ձուկ որսալու նպատակով գնացել են դեպի Արաքս գետի կողմը:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռետինե նավակ, ձկնորսական տարբեր պարագաներ: Սահմանային գծում գտնվելու և սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձերբակալվածների մոտ բացակայել են:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով իրավախախտները հանձնվել են Հայաստանի ոստիկանությանը: