Մամուլն օրերս գրել էր, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին, մեծ  հավանականանությամբ,  «Ծառուկյան» դաշինքից կմասնակցի դաշինքի նախընտրելի թեկնածու՝ պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը՝ Արտաշատի փոխքաղաքաապետ Գագիկ Պողոսյանը:

Այսօր ազգային ժողովում լրագրողները Կարինե Պողոսյանից հետաքրքվեցին՝ արդո՞ք իր եղբոր թեկնածության հարցը վերջնականապես հաստատվել է դաշինքի կողմից; Հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ մինչ հոկտմբերի հինգը դեռ բավական ժամանակ կա և Արտաշատի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը դեռ վճռված չէ:

Դիտարկմանը, որ մինչ այս պահը մամուլը գրել էր հենց իր եղբոր թեկնածության մասին, Կարինե Պողոսյանն ասաց.«Այդ հարցը դաշինքում վերջնականապես չի հաստատվել, մենք դեռևս ընտրված թեկնածու չունենք, հենց որ լինի՝ կհայտարարենք» :

Ճշտող հարցերին՝ արդո՞ք թեկնածուի ընտրության հարցում  «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի ՀՀԿ-ի հետ և կստանա ՀՀԿ-ի համաձայնությունը, արդյո՞ք ՀՀԿ-ն պարտադրել է որպես քաղաքապետի թեկնածու՝ ներկայացնել այլ մարդու թեկնածություն, Կարինե Պողոսյանը դժվարացավ պատասխանել և տեղի տալով լրագրողների հարցերին, ի վերջո վճռական պատասխանեց. «Իմ եղբայրը քաղաքապետի թեկնածու չի դառնա, քանի որ անցնում է աշխատանքի, անցնելու է այլ պաշտոնի»,-ասաց նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ պաշտոն է ստանալու իր եղբայրը: