«Էդ, որ առաջարկում եք ԵՏՄ-ից դուրս գանք, վնասները հաշվե՞լ եք: Միայն գազի գինը 30 տոկոսով նվազել է ԵՏՄ անդամակցման շնորհիվ, և մենք միայն գազի գնի իջեցումով ավելի շատ ենք շահել, քան ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում կլիներ: Մյուս կողմից՝ ո՞վ ասաց, որ մենք Ապրիլյան պատերազմի ժամանակ պարտվել ենք և դա ԵՏՄ-ի պատառով էր: Չկա՛ նման բան, մենք Ապրիլյան պատերազմի ժամանակ չենք պարտվել, մեր բանակը կատարել է իր առաջ դրված խնդիրը»,-այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներրին, որով առաջարկում  է խզել ՀՀ-ԵՏՄ տնտեսական հարաբերությունները: 

Ամբիոնին նորից մոտեցավ Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով պաշտպանել իր ղեկավարած խմբակցությաան առաջ քաշած նախագիծը. «ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ ՀՆԱ-ն նվազել է, սպասվում են էական թանկացումներ, ներդրումները նվազել են: Մենք տալիս ենք ախտանշանները: ՀՀԿ-ն ասում է՝ դա ի՞նչ ախտանշան է, որ դրա համար պետք է «յամեռ» անցկացնենք, որն այս պարագայում՝ մեր առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն է, որին դեմ է ՀՀԿ-ն: Նրանք ասում են՝ ի՞նչ «յամեռ», քարաբաղնիս կանենք՝ կանցնի-կգնա»,-կես-կատակ, կես-լուրջ՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ներկաներին խորհուրդ տվեց ԵՏՄ անդամակցությունից դուրս գալը չշփոթել Ռուսաստանի կազմից դուրս գալու որոշման հետ. «Մենք պատրաստ ենք քննարկումներ կազմակերպել, մենք ունենք այդ քննարկումների կարիքը, մյուս կողմից՝ պետք է ՀՀկ-ն ականջալուր լինի՝ ժողովուրդն ինչ է մտածում ԵՏՄ-ի մասին»:

ԵԼՔ-ի առաջարկած ԵՏՄ կազմից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն դեմ արտահայտվեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, շեշտելով, որ ԵՏՄ-ն մեզ տալիս է ներդրումները խթանելու բազմաթիվ գործիքներ: