Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին շատ խոսվեց: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ըստ տեղեկությունների, ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները ոչ միայն չեն հեռացել, այլև շրջափակման մեջ են պահում եկեղեցու տարածքը և արգելում են հայերի մուտքը սրբավայր: Հարցին արդեն իսկ պատրաստվում է միջամտել Վրաստանի ՄԻՊ-ը, ընդգծում ենք՝ Վրաստանի, քանի որ մեր ՄԻՊ-ը անգամ ներքին հարցերի վերաբերյալ տեսակետ հայտնելու «դաբրո» չունի:
 
Բոլորն արձագանքեցին, բացի Հայաստանի պատկան մարմիններց: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարություններին: Եկեղեցու շուրջ վեճեր՝ նախկինում էլ են ծագել: Վստահաբար կարող ենք պնդել, որ վերոնշյալ երկու գերատեսչություններն ամեն ինչ իմացել են, բայց, արի ու տես, որ բացարձակապես որևէ քայլ չեն ձեռնարկել, ու հենց այդ հանցավոր լռությունն էլ հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Էդվարդ Նալբանդյանի համար կարևորն այն է, որ հայ-վրացական հարաբերությունները ջերմ մնան, Բաղրամյան 26-ից իր աշխատանքից հանկարծ չդժգոհեն: Դե, իրեն էլ կարելի է հասկանալ՝ մարդը բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ է լուծում և մեղմ ասած՝ թքած ունի, թե մի քանի ջավախահայեր կծեծվեն ու կկալանավորվեն: ԱԳՆ-ն լռեց, ինչպես լռեց այն բանից հետո, երբ Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորը խաղաղ ցույց անուղ հայերին արյունլվա արեց: Նալբանդյանի փոխարեն՝ ԱՄՆ սենատն էր պահանջում պատժել հանցագործներին և հարգել ԱՄՆ-ում բնակվող հայերի իրավունքները: Մի՞թե սա ինքնին մեսիջ չէր ԱԳՆ-ին ու անձամբ Նալբանդյանին, որ իր ղեկավարած կառույցը, մեղմ ասած, պարապուրդի է մատնված…
 
Դե, իսկ Հրանուշ Հակոբյանի մասին խոսելն անգամ ավելորդ է. նրան հետաքրքրում են միայն սփյուռքի այն գաղթօջախները, որոնք փող են տալիս, իսկ քանի որ Ջավախքին Հայաստանն ինքը փող պիտի տա, նա այդ ամենից հեռու է և առաջնորդվում է «լռությունը ոսկի է» կարգախոսով: Հրանուշ Հակոբյանին ինչ-որ մեկը համոզել է, որ իր պարտականություններն ու հայրենասիրությունը սահմանափակվում են միայն տարին մեկ «Արի Տուն» ծրագիրը կազմակերպելով և «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցներ հրապարակելով: Մինչդեռ, եթե տիկին Հակոբյանը փոքր ինչ տեղյակ լիներ աշխարհով մեկ ցրված հայերի վիճակի մասին, կիմանար, որ այդ վիճակը շատ ծանր է՝ որտեղ հասցնեն, ով հասցնի՝ հայերին ծեծում է, ջարդում է, ոտնահարում է իրավունքները: Իսկ պատճառն ակնհայտ է. 26 տարվա ընթացքում պետությունը Սփյուռքում ապրող հայերին այդպես էլ թիկունք չդարձավ: Հետո էլ կբողոքեն՝ թե բա Թելեթոններին Սփյուռքն ավելի պասիվ է մասնակցում, առաջ առատաձեռն էին: Իսկ պատճառն ավելի քան ակնհայտ է. դրսում ապրող մեր հայրենակիցները արդեն հասկացել են, որ Էդուարդ Նալբանդյանի, Հրանուշ Հակոբյանի և մեր մյուս «սրտացավ» պաշտոնյաների վրա հույս դնել այլևս պետք չէ:  Եղունգ ունես՝ գլուխդ քորի…
 
 
Ստելլա Խաչատրյան