Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին պարզել, թե ինչո՞ւ Արայիկ Գրիգորյանը լքեց Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գործող Եվրաինտերգրման հանձնաժողովը: «Ես չեմ լքել»,- պատասխանեց վերջինս: Հարցին, թե իրեն նկատողություն են արել, դրա համա՞ր է հեռացել հանձնաժողովից, Արայիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ ոչ մեկ չի կարող նկատողություն անել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդհանրապե՞ս ոչ ոք: «Այո»,- պատասխանեց նա: Հարցին, թե արտոնյալ կարգավիճա՞կ ունի, նա պատասխանեց. «Վերջ տվեք, ամոթ ա»:
 
Հիշեցնենք, մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արայիկ Գրիգորյանին, ՀՀԿ-ական պատգամավորներ Արկադի Համբարձումյանին և Աշոտ Արսենյանին դուր չի եկել Զոհրաբյանի նախազգուշացումներն առ այն, որ հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում աշխատավարձերից պահումներ կարվեն: Ու քանի որ Գրիգորյանը որոշել է խորհրդարանում արտոնյալ կարգավիճակում հանդես գալ, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալ, դիմում է ներկայացրել հանձնաժողովից դուրս գալու մասին:
 
Ավշարի Արայիկի այսօրվա հայտարարությունը առաջին հերթին մեսիջ էր հենց Նաիրա Զոհրաբյանին: Մի կողմ դնենք այն փաստը, որ Նաիրա Զոհրաբյանը բնավ էլ մտքի գիգանտ չէ և այն հակասական վերաբերմունքը նրա անձի վերաբերյալ, որն առկա է թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակներում, պետք է ընդունել, որ Զոհրաբյանը այն մարդն է, ով անցնելով լրագրողի երկար ճանապարհ հասկանում է քաղաքականությունից, ի տարբերություն մեր ԱԺ-ում հանգրվանած շատ-շատերի: Հայաստանում վերջին ընտրությունները փաստեցին, որ մեր երկրում քաղաքական գործչի ինստիտուտը վերջնականապես պարտվել է: Որևիցե քաղաքական գործիչ խաղալով ազնիվ, ժողովրդի մեջից ծնված լինելով՝ հայաստանյան իրականությունում ընտրություններին անգամ մեկ ձայն հավաքել չի հաջողացնի: Ինչն էլ լավագույն կերպով ապացուցեցին այս ընտրությունները:Եվ գուցե այս պարագայում Ավշարի Արայիկը խոսելու տեղ ունի, երբ իր բիզնեսով, իր փողերով ընտրությունների ժամանակ Արարատի մարզում ՀՀԿ համար ապահովելով 45 339 ձայն այժմ իրեն բարձր է դասում բոլորից, ոչ միայն Նաիրա Զոհրաբյանից: Քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը թևակոխել է մի փուլ, երբ ընտրությունների ելքը որոշվում է միայն ու միայն փողով: Կամ պետք է լինել Արայիկ Գրիգորյանի նման, կամ պետք է լինել ազնիվ, ապացուցել սեփական ժողովրդի մասին մտածելու, խորհելու ունակությունը: Միայն թե վերջին դեպքում տվյալ գործիչը ընտրություններում դատապարտված է պարտվել իրենց թաղամասի X սուպերմարկետի տիրոջը: Ինչու՞՝ նա փող ունի:
 
Ստելլա Խաչատրյան