ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն արդեն լիովին հարմարվել է պատգամավորի իր ամպուլային: Չնայած վերջինս իր գործունեության ընթացքում բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ոստիկանապետ, Արարատի մարզպետ, նախագահի խորհրդական, սակայն սա՝ նրա՝ որպես պատգամավոր աշխատելու, առաջին փորձն է: Բայց արի ու տես՝ մի բան Սարգսյանի մոտ այդպես էլ չի փոխվել՝ մարդը սեփական ժողովրդից ինչպես անտեղյակ եղել է, այնպես էլ մնացել է:
 
Մասնավորապես, նա տեղյակ չէ երկրում տոտալ թանկացումներից: Լրագրողները տեղեկացրին, թե որ ապրանքներն են թանկացել: «Ես տեղյակ չեմ: Գնումներ անում է կինս, ես ստեղ չէի, նոր եմ եկել: Էս երկու օրվա ընթացքում չի հասցրել զեկուցել»,- ասաց պատգամավորը: Սարգսյան Ալիկը հայտնեց, թե չպետք է այսպես իրար «խառնվել», քանի որ հնարավոր է` ապրանքները կես դրամով են թանկացել: 
 
«Թույլ տվեք՝ հարցին ըստ էության ծանոթանամ, նոր ասեմ»,- ասաց նա: Ալիկ Սարգսյանը տեղյակ չէ, որ ինքն առանց խանութ այցելելու էլ ի պաշտոնե պարտավոր էր իմանալ, որ երկրում վերջին երկու շաբաթվա ընթացքում թանկացումներ են եղել և բացարձակապես էլ՝ ոչ նրա ենթադրած կես դրամով: Մի քանի օր է, ինչ լրատվամիջոցները բարձրաձայնում են մսամթերքի, կաթնամթերքի շուկաներում թանկացումների մասին: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը` 800 դրամով: Բացի նշված մթերքներից, թանկացել են նաև այլ ապրանքներ` պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկի որոշ տեսակներ:
 
Ալիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրին գցած մեկ հայացքն անգամ բավարար է հասկանալու համար, թե ինչու գնաճը նրան չի դիպել, և ինչու նա իր կաշվի վրա չի զգացել թանկացումների ողջ քաղցրությունը: Դիցուք՝ Սարգսյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինիս աշխատավարձը կազմել է 9 մլն 272 հազար դրամ, կենսաթոշակը՝ 4 մլն 294 հազար դրամ, իսկ ավանդի դիմաց ստացված տոկոսը՝ 277 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ Սարգսյանը 33.3 տոկոս բաժնեմաս ունի «Մակրո-Երեւան» հայ ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում եւ 16.7 տոկոս բաժնեմաս ունի «Մարկ ինտերնեյշնլ» հայ-ռուսական Հ/Ձ ՍՊԸ-ում: Իսկ հայտարարագրած անշարժ գույքը հետեւյալն է. երեք բնակարան Երեւանում, 9 հատ հողամաս Արարատի մարզի Դարակերտ գյուղում, 6 հատ հողամաս Կանաչուտ գյուղում, մեկ հողամաս էլ՝ Բարձրաշեն գյուղում, գյուղատնտեսական արտադրական մեկ օբյեկտ՝ Արտաշատ քաղաքում, որի 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Բացի այս, Երեւանում նա ունի հասարակական կիսանկուղ օբյեկտ, Ջերմուկ քաղաքում ընդունելությունների տուն, Ծաղկաձորում՝ հանգստյան տուն, որի 25 տոկոս բաժնեմասն է իրենը: Մեկ բնակելի տուն էլ Սարգսյանը Կանաչուտ գյուղում ունի:
 
Այնպիսի տպավորություն է, որ մեր պաշտոնյաներն ապրում են զուգահեռ իրականության մեջ, որը որևէ աղերս չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում, մոռանալով, որ  պատգամավորի անմիջական պարտականությունների մեջ է մտնում տեղյակ լինել և արձագանքել հանրային դժգոհություններին, հասկանալ՝ որն է երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության խորքային պատճառը: Չէ՞ որ համատարած թանկացումներն այս կամ այն կերպ դիպչելու են նաև այն 6530 քաղաքացուն ովքեր ընտրությունների ժամանակ ձայն են տվել Ալիկ Սարգսյանին, և որոնց շնորհիվ էլ նա այսօր պատգամավորի կարգավիճակում է գտնվում,  բայց պարզվում է՝ վերջինս չի էլ պատրաստվում նրանց դարդերը քաշել. կարևորը՝ իր գրպանին  փոփոխությունները չեն դիպչի, հետևաբար, իր իսկ խոսքերով՝ իրար  «խառնվելու» որևիցե պատճառ Սարգսյանը չունի..