Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում կրկնակի ավելացել է մեքենաների ներկրումը. անցած՝ 2016 թվականի 10 673-ի փոխարեն ներկրվել է 21 266 ավտոմեքենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ից ներկրված մեքենաները շատ փոքր տոկոս են կազմում. «Հիմնականում երրորդ երկրներից է ներկրումը։ Իսկ ներկրված մեքենաների մեծ մասը` 21 հազար ներկրված մեքենաների շուրջ 18-19 հազարը մինչև 5000 ԱՄՆ դոլար արժողության են»,– ասաց նա:

Վարդան Հարությունյանը նշեց՝ այժմ հնարավորություն է տրվել գնորդին, ներկրողին, որպեսզի նա կարողանա կայքերի միջոցով տեղեկացնել, ցույց տալ, թե որտեղից, ինչ աճուրդից է գնել մեքենան, ինչ գնով է ձեռք բերել:

«Այդ պարագայում, եթե հիմնավորվում է դրա ձեռք բերման աղբյուրը, կիրառում ենք այն գինը, որը կա համապատասխան երկրի կայքում: Չնայած մեր որոշ  «ճարպիկ» ներկրողներ արդեն փորձել են կեղծ կայքեր սարքել, որի արդյունքում փորձում են մոլորության մեջ գցել մաքսային մարմիններին, բայց դա հայտնաբերվող երևույթ է»,-հավելեց նա՝ խորհուրդ տալով չդիմել նման քայլերի: